Գորիսի քաղաքապետը դատարանի այսօրվա որոշմամբ ազատազրկվեց մեկ տարի ութ ամիս ժամկետով։ Առուշ Առուշանյանը, սակայն, պատժի կրման վայր կտեղափոխվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչ այդ նրանք կբողոքարկեն այն վերաքննիչ ատյան։
Առուշ Առուշանյանին ազատազրկելու միջնորդությունը Գորիսի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Պրոբացիայի ծառայությունը՝ պնդելով, թե Առուշանյանը չի հեռանում քաղաքապետի պաշտոնից, ապա պետք է ազատազրկվի։
Դատարանն Առուշանյանին դեռ 2022 թվականին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, վճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։
Ըստ վճռի՝ Առուշանյանը հինգ տարի ժամկետով չպետք է զբաղեցներ համայնքապետի պաշտոնը։ Գորիսի ավագանին, սակայն, վերջերս մերժել էր կատարել դատարանի վճիռը՝ հիմնավորելով, որ նման լիազորություն չունի։ Պրոբացիայի ծառայությունն էլ դիմել էր դատարան՝ խնդրելով հինգ տարով պաշոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։