Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:
Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, այն քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը, «Ազատության»-ը փոխանցեցին դատական դեպարտամենտից՝ առանց լրացուցիչ մանրամասների:
Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն առհասարակ հրաժարվեց արձագանքել՝ պնդելով, թե ինքն այդ հարցով Առուշանյանի փաստաբանը չէ:
Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Արդոյք Առուշանյանի բողոքը սրա հետ կապ ունի՞, պարզ չէ, բայց անցած շաբաթ, երբ փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Պրոբացիայի ծառայության քայլերն ապօրինի են, հենց Առուշանյանն էր պնդել, թե չի կիսում փաստաբանի տեսակետը:
«Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ Պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ», - ասել է Առուշանյանը:
Գորիսի քաղաքապետի հետ կապ հաստատել չի հաջողվում:
Դատական դեպարտամենտից նաև հայտնեցին, որ վարույթ է ընդունվել նաև Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջնորդութունը, թե նիստը երբ կլինի, դեռ հայտնի չէ: