Ազգային անվտանգության ծառայությունը քննություն է սկսել՝ պարզելու` արդյոք իրավապահները ճնշումներով են գորիսեցիներից ցուցմունքներ կորզել քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ։
Անցած տարի, երբ երկու համայնքապետերը պահանջեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը, իրավապահները քրեական գործ հարուցեին նրանց դեմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Հետո, սակայն, երբ գործը մտավ դատարան, նրանց դեմ վկայություն տված վեց գորիսեցիներն էլ մեկը մյուսի հետևից հրաժարվեցին ցուցմունքներից։
«Ես կաշառք չեմ ստացել, օգնություն եմ ստացել, իրենք ինձ ինչ հարցաքննել են, որ իբր ասեմ` որպես համայնքի ղեկավար ստիպել ա, որ պիտի գնաք, հանրահավաքի մասնակցեք կամ ընտրակաշառքի մոմենտով, ես էլ ասել եմ չէ: Իմ սխալն այն է, նորից եմ ասում, որ ես բուն թեման, այդ նյութը չեմ կարդացել ու նոր տակը ստորագրել», - ասում է Քարահունջի բնակիչներից մեկը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ` հիմա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել երկու՝ ապացույցներ կեղծելու և վկաների նկատմամբ ճնշումներ գործադրելու հոդվածներով։ Իրավապահները այլ մանրամասներ չեն հաղորդում։
Դատարանում ցուցմունքները փոխած վկաների հետ կապվել չհաջողվեց։ «Դատալեքսի» համաձայն, սակայն, նրանք դատարանում պնդել են, թե քննիչը հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ և իբր Քարահունջի ղեկավարի բաժանած 100.000-200.000 գումարը ոչ թե ընտրակաշառք է եղել, այլ՝ սոցիալական օգնություն։ Հենց այս հիմքով էլ դատարանն ամիսներ առաջ արդարացրեց Գորիսի ու Քարահունջի ղեկավարներին։ Ազատության մեջ նրանք կրկին պնդեցին, թե որևէ հանցանք չեն գործել:
«Ես ոչ մեկին ոչ հարկադրել եմ, ոչ պարտադրել, ոչ ստիպել, 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ, Եվրոպայի խորհրդի նախկին պատվիրակ, ո՞նց հնարավոր էր` ես նման հանցագործություն գործեի, ո՞նց հնարավոր էր` բնակիչների հետ այդպես վերաբերվեի, ես գիտեի` այս գործն այսպիսի վերջաբան է ունենալու», - նշել է Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը:
ԱԱԾ-ն քննության ընթացում պետք է ստուգի և պարզի՝ ի վերջո որ ցուցմունքներն են ճիշտ` քննիչներն են հարկադրել, թե տեղական պաշտոնյաներն են ճնշումներ բանեցրել, որ գյուղացիները դատարանում հրաժարվեն ցուցմունքներից։
Ըստ Սաքունցի` քննության ընթացքում պետք է բացահայտվի՝ որ կողմից են ճնշման ենթարկվել
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երկու սցենարն էլ հավանական է համարում։ Պնդում է՝ վկաներն ամեն դեպքում անպաշտպան են եղել, և այս քննության ընթացքում պետք է բացահայտվի՝ որ կողմից են ճնշման ենթարկվել։
«Եվ կարող է լինել քննիչի կողմից, և կարող է լինել Առուշանյանի և նրա գործով անցնող մյուս կասկածյալի կամ մեղադրյալի, կամ նրա աջակիցների կողմից, այսինքն` քաղաքացին մենակ է մնում ամբողջ վարույթի շրջանակում, որովհետև քրեական գործի վարույթը ենթադրում է ջանքերի գործադրում օբյեկտիվության ապահովման համար, անվտանգության ապահովման համար, պրոֆեսիոնալ մոտեցման համար, օրենքի գիտակցման հիման վրա վարույթի իրականացում, քննության իրականացում: Այնպես որ փորձել այս պատկերը չարձանագրել, չֆիքսել և դա մոռացության տալ ու փորձել առանձին ինչ-որ դրսևորումների վրա կենտրոնանալ, ճիշտ չէ», - ասում է իրավապաշտպանը:
Սաքունցն ու գործընկերները հեղափոխությունից հետո պահանջում են բարեփոխել դատաիրավական համակարգն այնպես, որ նախկինում քաղաքացիներից ճնշումներով ու հարկադրանքով ցուցմունքներ կորզած իրավապահները հեռացվեն համակարգից։ Այս ուղղությամբ, սակայն, համակարգային որևէ բարեփոխում մինչ օրս չի իրականացվել։