«Եթե այդ ճանապարհը բացվի, այն Հայաստանի վերջն է լինելու». Գարո Փայլան

«Եթե այդ ճանապարհը բացվի, կա՛մ թուրանական ճանապարհը պիտի լինի, կա՛մ ռուսական ճանապարհը, և այն Հայաստանի վերջն է լինելու, և Հայաստանը Բելառուսի պես երկիր է դառնալու», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը՝ պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հարցին:

«Սա պետք է մեր կարմիր գիծը լինի, որովհետև այդ պայմանագրում երկու բան կար՝ եթե մենք Արցախի հետ ճանապարհ ունենայինք, այդպիսի ճանապարհ կարող էր լինել, բայց անկարելի է հիմա՝ Արցախը կորցրեցինք», - ընդգծեց Փայլանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը վերստին հայտարարում է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանTehran Times. Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբԲաքվում ռուս-ադրբեջանական բանակցություններով կրկին թարմացվեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը. քաղաքագետ

Փայլանի համոզմամբ, Ռուսաստանը հիմա օրակարգ ունի՝ «Հայաստանը նորից երեսը դարձնի դեպի Մոսկվան»: «Եվ մեկ ուժին պետք չէ, որ վստահենք, արդեն մենք այդ սխալը արեցինք՝ միայն Ռուսաստանին վստահեցինք և կորցրեցինք», - ընդգծեց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Հարցին՝ «ի՞նչ է ուզում Ալիևը, ինչո՞ւ չի գնում խաղաղության և միայն անընդհատ պատրվակներ, նախապայմաններ է առաջադրում», Փայլանն արձագանքեց. - «Որովհետև Ալիևի ամենամեծ վախը խաղաղության պայմանագիրն է: Ինչո՞ւ՝ այսպիսի ավտոկրատ նախագահները թշնամու կարիք ունեն: Ինչպե՞ս շինեց Ալիևը իր իշխանությունը՝ թշնամությամբ: Այս ատելությամբ Ալիևը կարող է իշխել Ադրբեջանում: Եթե պայմանագիրը ստորագրվի, խաղաղությունը ապահովենք, դրանից հետո ի՞նչ է լինելու՝ Ադրբեջանի ժողովուրդը հարցնելու է Ալիևին՝ «ինչո՞ւ հայերը հարուստ են, և ինչո՞ւ մենք հիմա աղքատ ենք», և դրա պատասխանը չունի Ալիևը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. ՓաշինյանԲաքուն մերժեց Երևանի առաջարկը մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին

«Տևական դադարից հետո հուլիսի վերջին հայ - թուրքական սահմանին հանդիպեցին Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, բայց էլի որևէ շոշափելի արդյունք չգրանցվեց, ինչո՞ւ», - այս հարցին Գարոն Փայլանը պատասխանեց. - «Թուրքիան, գիտեք, ժողովրդավար երկիր չէ, միայն Էրդողանն է որոշում, և Էրդողանը օպորտունիստ նախագահ է, միայն իր շահին է նայում, բոլոր քայլերի համար հաշիվ է անում՝ «ի՞նչ եմ շահելու, ի՞նչ եմ կորցնելու»: Եվ այս սահմանի բացման համար էլ, Թուրքիա - Հայաստան նորմալացման գործընթացի համար էլ նոր քայլ չկատարեց: Էրդողանը Արևմուտքի երկրներին է նայում, այնտեղից բան չի տեսնում, որովհետև Արևմուտքի երկրները հիմա ամենաշատը այս վերջին տարում, գիտեք, Իսրայելում մեծ խնդիր կա, և Էրդողանը «Համաս»-ի կողմից է, Ամերիկան էլ, Եվրամիությունն էլ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ չունեն: Էրդողանը շատ հստակ հաշիվ է անում՝ «եթե ես այս սահմանը բացեմ, Հայաստանի հետ լավ հարաբերություն ունենամ, Ալիևը գոհ չպետք է լինի, և Պուտինն էլ գոհ չպիտի լինի, և այն կողմում կորցնում եմ, և արևմտյան երկրներից էլ ոչինչ չեմ տեսնում, հետևաբար՝ ինչո՞ւ սահմանը պետք է բացեմ, և ինչո՞ւ այս նորմալացման գործընթացին գնամ»:

«Երկրորդը՝ 20 թվականի կռվից հետո Էրդողանը տեսավ, որ այդ կռվից Թուրքիան շահ չունեցավ, այդպիսի երազանք ուներ Էրդողանը, որ Թուրքիան շահ էր ունենալու Կովկասում: Ռուսաստա՛նը ավելի շատ շահ ունեցավ», - շարունակեց հայազգի գործիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ գործարկելու Ախուրիկ երկաթուղու անցակետըՀայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան 

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարություններին, թե Հայաստանի հետ կարգավորում չի լինի, մինչև Երևանը չհաշտվի Բաքվի հետ, Գարո Փայլանն ընդգծեց. - «Գիտե՞ք, սա պատրվակ է: 30 տարի ի վեր գիտեք պատրվակը ինչ էր՝ Հայաստանը գրավեց Ադրբեջանի տարածքը, եթե դա վերջանա, մենք սահմանը կարող ենք բացել: Արդեն դա վերջացած է՝ մեծ աղետներով, բայց հիմա նոր պատրվակ գտավ Ալիևը, ի՞նչ է՝ Սահմանադրությունն է ասում, Էրդողանն էլ ասում է՝ եթե Ալիևը չստորագրի պայմանագիրը, մենք չենք բացելու»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.