Ադրբեջանը Հայաստանի վարչապետի հայտարարությունները թե՛ խաղաղության պայմանագրի նախագծի, թե՛ ընդհանրապես նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ որակել է «իրականության խեղաթյուրում»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, անդրադառնալով Երևանում «Երևանյան երկխոսություն» ֆորումի ժամանակ վարչապետի հայտարարություններին, ասել է, որ «անընդունելի է Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի նախագիծ՝ դրանից չհամաձայնեցված կետերը բացառելով»։
Նա կրկին հիշեցրել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Բաքվի շարունակվող պահանջը։
Հաջիզադեն անդրադարձել է նաև գերիների հարցին՝ ասելով, թե ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել «ռազմական հանցագործներին»։
Չնայած Բաքվի երեկվա մերժմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին վերահաստատել է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։
Ո՛չ համաձայնեցվածների, ո՛չ դեռ վիճելի մնացած հոդվածների դրույթներն ամբողջությամբ հրապարակված չեն։