Մատչելիության հղումներ

Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցություններով կրկին թարմացվեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը. քաղաքագետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 19-ը օգոստոսի, 2024թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 19-ը օգոստոսի, 2024թ.

Երևանի արձագանքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին հայտարարությանը հուշում է, որ Հայաստանը սեփական սխալների և ռազմավարական ոչ ճիշտ հաշվարկների համար փորձում է մեղադրել Ռուսաստանին, - այսօր էլ ռուսական արտաքին գերատեսչության խոսնակն է արձագանքել հայաստանցի իր պաշտոնակցի երեկվա հայտարարությանը:

Մարիա Զախարովան պնդել է՝ երկաթուղու շահագործումը տեղի չի ունեցել սահմանապահ վերահսկողության հարցում Հայաստանի անզիջում լինելու պատճառով. - «Երևանը հետ է կանգնել ավելի վաղ համաձայնեցված դիրքերից և սկսել է պնդել, ռուսաստանցի սահմանապահների ներկայության հարցով, ինչպես իրենք էին ձևակերպել՝ փոխադարձության սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում։ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը»:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ապաշրջափակումից հետո տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը ռուսական կողմին է վերապահվում։ Այդ համաձայնություններն այլևս արդիական չհամարող Հայաստանի վարչապետը փետրվարին նաև հայտարարել էր՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում պետք է որևէ բան վերահսկի։

Ռուսաստանի արտգործնախարարը երկու օր առաջ հայտարարել էր, թե Սյունիքով անցնող հաղորդակցությունների շուրջ համաձայնությունը Երևանն է «սաբոտաժի» ենթարկում, Երևանից Մոսկվային կոչ արեցին կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել թե ապաշրջափակման՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, թե Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:

Լավրովի հայտարարությունները Ադրբեջանի մայրաքաղաքում հնչեցին։

«Կրկին թարմացվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը»

Բաքվի ռուս-ադրբեջանական նախօրեի բանակցություններով կրկին թարմացվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, կարծում է Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։ Չնայած թե՛ Բաքուն, թե՛ Երևանը հայտարարել են՝ հաղորդակցությունը վերաբացելու հարցին որոշվել է անդրադառնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Այն պահերին, երբ Ադրբեջանը չէր կարող ամենազգայուն հարցերը օրակարգային դարձնել, օրինակ՝ ինչպես 2023-ի սեպտեմբերին, երբ էթնիկ զտում էր իրականացնում Արցախում, օրակարգից ոչ թե դուրս եկավ, այլ պակաս կարևոր դարձավ, անգամ շեշտադրումները փափկեցին, գեներացվել էր բավականաչափ մեծ բողոք միջազգային հանրության շրջանում՝ Ադրբեջանի գործողություններով պայմանավորված, Ադրբեջանը պարզապես չէր կարող այդ երկու հարցը միաժամանակ կուլ տալ: Հիմա, երբ արդեն այդ ալիքը հանդարտվել է, գործի են դրվում մյուս զգայուն հարցերը՝ հերթով, որը որ պահին կստացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուքիասյանը:

Ապաշրջափակման թեմայի ակտիվացումը ոչ միայն Ադրբեջանի առաջնահերթություններից է, այլև՝ Ռուսաստանի միջոցներից՝ տարածաշրջանում անկում ապրող ազդեցությունը թարմացնելու համար, կարծում է քաղաքագետը։

Ադրբեջանը միջանցքի թեման պնդելով կարող է սաբոտաժի ենթարկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ռուսաստանը տարածաշրջանային ներկայության պահպանման, միջազգային մեկուսացման պայմաններում նաև կապուղիների օգտագործման հարց լուծել՝ և՛ վերահսկողության, և՛ մեկուսացումից դուրս գալու համար։

«Հիմա հարցը այսպես կոչված միջանցքին է վերադառնում, ու էլի, ինչքան որ հաջողվի կոնսոլիդացնել միջազգային շահերը հօգուտ Ադրբեջանի, Ադրբեջանը կգնա այդ ուղղությամբ՝ անգամ չբացառելով ռազմական զարգացում», - նշեց Սուքիասյանը:

Հակադարձումից բացի Նարեկ Սուքիասյանը Երևանի կողմից չի նկատում ջանքեր, որոնցով կկարողանա հաղթահարել միջանցքային տրամաբանության հարցում Հայաստանի դեմ ձևավորվող կոնսենսուսը:

«Միջանցքի հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մեթոդաբանության առանցքային տարբերությունը՝ որ Ադրբեջանը այս հարցում փորձում է բոլոր դերակատարներին միջազգային կապել իր շահերի հետ՝ ամեն մեկին ինչ-որ մի հետաքրքրությամբ ներգրավելով դեպի իր կողմը, իսկ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» հայտարարելով և սկզբունքներ հայտարարելով, որոնք, բնավ ես չեմ հեգնում, սկզբունքները իհարկե ցանկացած լուծման պարագայում պետք է պահվեն, բայց դեկլարացիաներից այն կողմ Հայաստանը չի գործադրում ակտիվ ջանքեր, որպեսզի միջազգային դերակատարների շահերը համընկեցնի իր շահերի հետ: Եվ այդ հայտարարությունը Արտգործնախարարության ավելի շատ բողոք էր, քան փորձ՝ մեղմելու, պարպելու այն լարվածությունը, կամ հայամետ, հայանպաստ լուծում գտնելու այն ճգնաժամին, որը կարծես թե ձևավորվել է», - ասաց քաղաքագետը:

«Երևանը սլաքն ուղղելով Ռուսաստանին՝ ուղղում է նաև Բաքվին»

Իսկ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Արտգործնախարարության երեկվա հայտարարությունը մանևրելու փորձ է համարում։ Ըստ Բադալյանի՝ Ռուսաստանի դիրքավորումն այսպիսին է՝ կա՛մ ճանապարհները պետք է չգործեն, կա՛մ դրանց նկատմամբ պետք է լինի ռուսական վերահսկողություն:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ինչ է ասում Երևանը, ըստ էության, մեղադրելով Ռուսաստանի «Խաղաղության խաչմերուկը» սաբոտաժի ենթարկելու համար. սլաքը ուղղելով Ռուսաստանին՝ ուղղում է նաև Բաքվին, Արևմուտքին ցույց տալով, թե որտեղ է գլխավոր խնդիրը ճանապարհների հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը:

Դառնալով Հայաստանի ԱԳՆ երեկվա հայտարարությանը. Երևանը անուղղակի նաև պատասխանեց հայ - ադրբեջանական կարգավորմանն օգնելու Պուտինի առաջարկին։

Ռուսաստանի նախագահն այդ մասին Բաքվում հայտարարեց։ Ադրբեջանը շատ արագ պատասխանեց, թե բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է իրենց համար:

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը», - նախօրեին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը:

«Ադրբեջանի համաձայնությունը հենց այդտեղ ռուսական առաջարկին զուտ եղանակ է՝ սիրաշահելու Ռուսաստանին, վստահ լինելով, որ Հայաստանը մերժելու է այդ առաջարկը: Եվ արդյունքում Ադրբեջանը դուրս է գալիս որպես կառուցողական, Ռուսաստանի շահերը հաշվի առնող, բարեկամաբար և դաշնակցային տրամադրված գործընկեր, իսկ Հայաստանը՝ հակառակը», - ասաց Նարեկ Սուքիասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG