«Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Մոսկվան տեսնում է առկա փաստաթուղթն ու դրա դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր:
Այսպես նա արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մեջբերմանը։
ՀՀ վարչապետը, ըստ լրագրողի, հայտարարել էր, որ «փորձեր են արվում ներկայացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացնում է Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովումը երրորդ ուժերի կամ կողմի միջոցով»։ Լրագրողն ասել է, թե վարչապետը մեջբերել է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, բայց բաց է թողել վերջնամասը։ Հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են անվավեր դարձնել այս փաստաթուղթը, և ինչի՞ կարող է դա հանգեցնել այս դեպքում, Զախարովան արձագանքել է. - «Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին ոչ դիվանագիտական խողովակներով է հայտարարվել, ոչ էլ հրապարակային դաշտում ենք նման բան տեսել»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ չի կարելի հրաժարվել գրվածից՝ «հօգուտ ներկա պահի ինչ-որ կոնյունկտուրայի»։
«Այսպես ասած, մեկ խաղում ենք, մեկ՝ չէ: Ամեն դեպքում խոսքը միջազգային իրավունքի, կողմերի ստորագրած փաստաթղթերի մասին է... Եվ պետք է հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են այս փաստաթղթերի համապատասխան դրույթները դարձյալ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության, և ոչ թե խաղալ բառերի հետ։ Ամենակարևորն այն է, որ պատասխանատու քաղաքական գործիչներն անպատասխանատու չվերաբերվեն այն փաստաթղթերին, որոնք մշակվել են պատմական բարդ գործընթացի արդյունքում», - հայտարարել է Զախարովան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթավերջին մասնավորապես ասել է. - «Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային ընդ որում, կարելի է բացել և կարդալ: Այնտեղ ընդհակառակը՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»: Փաշինյանն ընդգծել է նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլո՛ր կոմունիկացիաները բացելու մասին է: