Արդեն 2-րդ շաբաթն է չեն դադարում Իրանից ամենաբարձր մակարդակով հնչող զգուշացումները՝ Թեհրանը դեմ է իր ու հարևանների միջազգային սահմանների ցանկացած փոփոխության և որ տրանսպորտային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում։
Այս հարցը Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի դիրքորոշման կապակցությամբ և ընդգծել՝ «որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը վերստին հայտարարում է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանԸստ Իրանի դեսպանատան, Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո, և որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման։
Իրական կողմի այս հաղորդագրության մեջ չի նշվում, թե երբ է կայացել այս հանդիպումը և ում նախաձեռնությամբ։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հանդիպման մասին մինչև օրվա ավարտը ոչինչ չհայտնեց։
«Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել», - իրանական կողմի մտահոգությանն ու զգուշացումներին այսօր արձագանքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վստահեցնելով՝ Սյունիքով Նախիջևանն Ադրբեջանին կապելու ճանապարհին 3-րդ ուժերի ներկայությունը և վերահսկողությունը բացառվում է և անընդունելի Երևանի համար։
«Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։ Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեր համար դա անընդունելի է: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ոխոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է: Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել: Սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն: Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին, խոսքը սրա մասին է: Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չկա», - հայտարարեց Միրզոյանը:
Ի դեպ, վարչապետը Փաշինյանն ինքը օրերս չէր բացառել, որ ճանապարհներին անվտանգության լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև Հայաստանում լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերությունները։ Փաշինյանը նաև շեշտել էր՝ հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։
«Նաև անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները», - նշել էր Փաշինյանը:
Ապաշրջափակվող ճանապարհներին, պահնորդական մասնավոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությանն այսօր անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահը, վստահեցնելով՝ առայժմ նման համաձայնություն կողմերի միջև չկա։
«Ընդամենը խոսակցություն է, նման համաձայնություն չկա, առաջարկ է, քննարկվում է, և Հայաստանի Հանրապետությունն ինքը կորոշի, թե որ տարբերակն է Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու: Շնորհակալ եմ Իրանի անհանգստության համար, շնորհակալ եմ հայտարարությունների համար, մենք մշտապես ապրում ենք այն տրամաբանությամբ, որ հնարավոր է հարձակում և հնարավոր են քայլեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ասաց Սիմոնյանը:
«Ազատության» հարցին՝ այդ ընկերությանը կվերապահվի՞ անվտանգության գործառույթ, Սիմոնյանը պատասխանեց. - «Ոչ, դա դեռ չհամաձայնեցված բան է: Ես չեմ կարծում, որ ես պետք է հիմա սա մեկնաբանեմ»:
Վերջին 10 օրվա ընթացքում Իրանը պարբերաբար շեշտում է՝ դեմ են, որպեսզի Սյունիքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի վերահսկողությունը Հայաստանից բացի ստանձնի որևէ մեկ այլ կողմ։ Այդ մասին խոսել էր Հայաստանում Իրանի դեսպանն՝ ընդգծելով, թե «միջանցքի մասին ոմանց երազանքները երբեք իրականություն չեն դառնա»։
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը, ավելի էր կոնկրետացրել՝ Մոսկվային և Բաքվին հորդորելով հարգել Իրանի պետական սահմանները։
Ավելին, իրանական առաջատար պարբերականը՝ Tehran Times-ն օրերս ակնարկել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին՝ ընդհուպ ռազմական միջամտությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղար