Երևանը չի բացառում էսկալացիաների վտանգը, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Ռազմական էսկալացիաների վտանգ միշտ լինելու է, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հայտարարում է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Արդյոք խաղաղության համաձայնագրի կնքումը կբացառի պատերազմի հնարավորությունը, Վահան Կոստանյանը դրական պատասխան չունի. - «Դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էսկալացիայի վտանգ մշտապես կա, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել․ ՀՀ փոխարտգործնախարար

Որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և հայկական տարածքների դեմ, երեկ Վարշավայում արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարում՝ ընդգծելով, թե հայկական կողմն այդ առումով լուրջ մտահոգություններ ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Վարշավայում խոսել է մտահոգություններից, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում

Փոխարտգործնախարար Կոստանյանն այսօր չպարզաբանեց՝ ո՞րն է լինելու հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանի գլխավոր նպատակը: Հնարավո՞ր է ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմերի տարաձայնությունները Բաքուն դարձնի պատրվակ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հարցն այսօր անպատասխան թողեց, փոխարենը հորդորեց մինչ խաղաղության պայմանագրի կնքումը չմոռանալ պատերազմի ռիսկերի մասին:

«Պատերազմի կամ ռազմական գործողությունների վտանգի մասին խոսքին եթե անդրադառնանք, ապա այդ վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել, որ այլևս վտանգներ չկան, բոլոր ռիսկերը վերացված են», - հայտարարեց խորհրդարանի իշխանական խմբակցության քարտուղարը:

Իսկ երկու շաբաթ առաջ Արթուր Հովհաննիսյանն ասում էր, թե սահմանազատմամբ են վերացրել պատերազմի վտանգը. - «Սահմանները վերջնականապես գծելով՝ մենք վերջին ռիսկը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման՝ լեգիտիմ հարձակման, վերացրել ենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն քննեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականությունը

Մինչ գործող իշխանությունը վստահեցնում է, թե պատերազմը կանխելու քաղաքականություն է վարում, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ հենց այդ քաղաքականության պատճառով են Բաքվի պահանջներն օրեցօր ավելանում:

«Այն, որ Ադրբեջանը ծանր պահանջներ է դրել, և որ դրանք կարող է վերաբերեն նաև այսպես կոչված ռևանշիզմին, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմի դրսևորում է, բացարձակապես չեմ բացառում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Ինչպես կսահմանեն ռևանշիզմը՝ այ դա արդեն Ադրբեջանի ղեկավարության անսահմանափակ սադիզմի տիրույթներում է գտնվում»:

Երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր էլ նրա թիմակիցներն այդպես էլ չհստակեցրին՝ կա՞ նման կետ խաղաղության փաստաթղթում:

Ընդդիմության մյուս մտահոգությունն էլ այն է, որ Բաքուն պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր հայտնեց, թե խաղաղության պայմանագրում նման կետ չկա:

Ու թեև Ալիևը Արցախի անկումից առաջ ևս պարբերաբար խոսել է «Արևմտյան Ադրբեջանից արտաքսվածների» վերադարձի մասին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը վրդովված է հայաստանյան ընդդիմությունից. կարծում է՝ եթե նրանք չխոսեն արցախցիների վերադարձից, Բաքուն էլ չի պահանջի ադրբեջանցիների վերադարձ։

«Երբ որ ընդդիմությունն ասում է, որ Ալիևը ուզում է, որ Ադրբեջանի փախստականները վերադառնան որևէ տեղ, պետք է մի հատ ինքը հասկանա, որ ինքը էդ նույն նարատիվը ստեղից է ասում, և իրանց ասած նարատիվը ծնում է կոնտրնարատիվ: Սա տարրական տրամաբանություն է», - հայտարարեց իշխանական պատգամավորը:

«Արցախցիների Արցախ վերադառնալու հարցը և Ադրբեջանի կողմից բարձրաձված՝ այսպես կոչված այդ փախստականների վերադարձի հարցը դրանք համարժեք չեն, մեկ հարթությունում քննարկման հարց չեն», - հակադարձեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Թեև հայկական կողմը թերահավատ է Բաքվի խաղաղ ծրագրերի նկատմամբ, պաշտոնական Երևանը, ինչպես փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր ձևակերպեց, «շարունակելու է դրականորեն ներգրավված մնալ խաղաղության հաստատման գործընթացում»:

«Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, մենք կարծում ենք, որ դա առնվազն բավարար է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի քննարկումը շարունակելու համար», - ասաց փոխնախարարը:

Խաղաղության պայմանագիրն ունի 17 կետ, որից 13-ը ամբողջությամբ, 3-ը՝ մասնակի համաձայնեցված են, մեկն առհասարակ համաձայնեցված չէ, ընդ որում՝ այդ կետն, ըստ հայկական կողմի, Բաքուն է առաջարկել:

Հայաստանի բանակցողները համաձայնեցված տեքստով պատրաստ են փաստաթղթի ստորագրմանը: Ադրբեջանը պարտադիր պայման է համարում ոչ միայն փաստաթղթի ամբողջական համաձայնեցումը, այլն նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը Բաքվի մեկնաբանմամբ տարածքային պահանջներ է ենթադրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն չկա. Երևանն առաջարկում է ստորագրել, Բաքուն՝ մերժում

Փոխնախարար Կոստանյանն այսօր արդեն Բաքվին արձագանքում էր Սահմանադրական դատարանի վերջին որոշմանը հղում անելով. - «Դելիմիտացիայի գործընթացի կանոնակարգի հաստատման փուլում Սահմանադրական դատարանը տվել է նաև մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ

Այդ փաստաթղթով չեն լուծվելու Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ճանապարհների ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի, նաև Ադրբեջանի բանտերից հայ գերիների ազատ արձակման հարցերը: Բայց պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանցից չեն ունենա տարածքային պահանջներ, կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ: Կետերից մեկով էլ, որ երեկ բացահայտեց վարչապետը, պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողով կստեղծվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը թվարկեց խաղաղության պայմանագրի տեքստի կետերից մի քանիսը