Մատչելիության հղումներ

«Իրականության խեղաթյուրում». Փաշինյանը՝ ՀՀ-ում հաղորդակցությունների անվտանգությունը 3-րդ երկրներին վստահելու մասին


Հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, իրականության խեղաթյուրում են, այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում են Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների կառավարությունների ղեկավարները, Ուզբեկստանի վարչապետն ու Իրանի առաջին փոխնախագահը։

«Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։ Ցանկանում եմ նշել, որ նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք», - նշեց վարչապետը:

Առանց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիշատակելու Փաշինյանը խոսեց դրա մասին՝ շարունակելով, որ բեռների առաքման ժամանակի կրճատման, այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների որոնման համար Երևանը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Սյունիքով անցնող ճանապարհի թեման իր ելույթում չշոշափեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա միայն հակիրճ անդրադարձավ «միասնական տրանսպորտային տարածքի ստեղծման ու լոգիստիկ միջանցքների զարգացման թեմային» առանց այլ մանրամասների։

Սակայն անցյալ ամիս միջանցքի մասին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ տեքստով Երևանին մեղադրելով Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցում պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։ Լավրովը պնդել էր, թե եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում «դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը» և ոչինչ չէր նշել եռակողմ փաստաթղթերի մյուս կետերի խախտման մասին։

Մոսկվան համարում է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով ճանապարհը պետք է վերահսկի ռուսական սահմանապահ ծառայությունը, հայկական կողմն էլ մեկնաբանում է, որ այդ կետն ընդամենը մոնիտորինգի մասին է։ Լավրովի այդ հայտարարությունից հետո միջանցքի թեմային բազմիցս անդրադարձել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ անթույլատրելի համարելով տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխությունը։

Այսօր ԵԱՏՄ միջկառավարական նիստին մասնակցող Իրանի փոխնախագահն այս մասին չխոսեց, սակայն երեկ Մոհամմադ Ռեզա Արեֆը Թեհրանում՝ Երևան գալուց առաջ, թեմային անդրադարձել էր Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը, ընդգծել Իրանի պատրաստակամությունը Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր հարցերում, այդ թվում՝ «վիճելի թեմաների շուրջ, ինչպիսին է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը»։

«Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար», - ըստ ռուսաստանյան և իրանական աղբյուրների՝ ասել է Արեֆը։

Այսօր իր ելույթում Իրանի փոխնախագահը հիմնականում խոսեց տնտեսական համագործակցության թեմաների մասին՝ նշելով, թե «հույս ունի հնարավորինս արագ Իրանը կստանա դիտորդի կարգավիճակ Եվրասիական տնտեսական միությունում»։

«Այս առումով, ես կցանկանայի հատուկ նշել Հյուսիս-Հարավ միջազգային անցումը որպես Իրանի և Եվրասիական միության անդամների միջև համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկը, որը կարող է արժեքավոր լոգիստիկ կապ լինել Եվրասիայի և Հարավային և Հարավարևելյան Ասիայի խոշոր ու աճող շուկաների միջև», - նշել է նա:

ԵԱՏՄ նիստից հետո այսօր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մոհամմադ Ռեզա Արեֆին: Ըստ Կառավարության հաղորդագրության՝ վարչապետը «բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG