Կբացվի՞ հայ-թուրքական սահմանը, ե՞րբ, ինչպե՞ս ու ի՞նչ ընթացակարգով. երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացների 5-րդ հանդիպումն այս հարցերի պատասխանը չտվեց։
Երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպման ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություններ տարածեցին. Երևանն ու Անկարան կարգավորման գործընթացը առանց որևէ նախապայմանի շարունակելու մասին են հայտարարում ու ընդգծում՝ նախորդ համաձայնություններն ուժի մեջ են։
Դրանցից մեկի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածության մասին երկու տարի առաջ էին հայտարարել։ Ե՞րբ, այս հանդիպումն էլ հստակություն չմտցրեց։
Հայկական կողմի բանագնաց, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անցած ամիս հայտարարեց՝ Անկարայի քայլերը չի տեսնում. - «Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք ու ավարտել ենք, անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ գործարկելու Ախուրիկ երկաթուղու անցակետըՀայկականի կողմից վերակառուցված, 1 միլիարդ դրամ արժեցած Մարգարայի անցակետում էլ այսօր մեկնարկեց Ռուբինյանի ու թուրք դիվանագետի հանդիպումը։
Նախկինում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ հստակեցումներ չտալով՝ կողմերն այժմ նորերի մասին են հաղորդում՝ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Մյուս նորությունը դարձյալ ենթակառուցվածքների մասին է. Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար։ Թե ինչ տարածաշրջանային զարգացումներ ունեն, կողմերը չեն հստակեցնում։
Ախուրիկը Գյումրիից Կարս տանող երկաթուղու սահմանային հատվածում է։ Այս ռելսերով վերջին անգամ 93 -ին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։ Անցած ժամանակը միայն ժանգի շերտն է հաստացրել՝ երկաթուղին փտել է ու քայքայվել, երկաթուղայինների հուշերը, սակայն, դեռ թարմ են։
«Ուղևորահոսքը սկսած 89 թվականից շատ շատացավ։ Առաջներում գնում էր ընդամենը մեկ վագոն, հետո ուղևորների քանակը ավելացավ, մենք վագոնների քանակն ավելացրինք, ընդհուպ 91-92 թվականներին արդեն 8-9 վագոն ուղևորատար գնացք էր գնում, էդ չափի հոսք կար», - հիշում է Մարտին Գևորգյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բեռնափոխադրումների ծավալը հասել էր մոտ 150 հազար տոննայի»․ արդեն շուրջ 30 տարի Գյումրի-Կարս երկաթգիծը չի գործում
Այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու ժամկետի մասին, սակայն, նույնպես չի հաղորդվում։