Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով երկու հարևան երկրների առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ, կարևորել բանագնացների հանդիպումների շարունակականությունը և վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Փաշինյանն ու Էրդողանը, ըստ կառավարության հաղորդագրության, գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սեյդար Քըլըչը 2022-ին հուլիսին Վիեննայում պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց։ Սահմանը, սակայն, դեռ փակ է։
Նախորդ շաբաթ Ռուբինյանը հայտարարել էր, որ Երևանը չի տեսել Անկարայի կողմից քայլեր երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ։
Հունիսի 18-ին կայացած հեռախոսազրույցում Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։ Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը՝ վարչապետին գալիք Վարդավառի տոնի առթիվ, ինչպես նաև ցավակցել Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
- Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում։
- Ըստ հայկական կողմի՝ բանագնացների նոր հանդիպման պայմանավորվածություն կա, սակայն ժամկետի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։
Քըլըչն Անթալիայում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Իր հերթին Ռուբինյանը նշել էր, որ այդ հարցը կարող է քննարկվել։
- 2021-ի վերջին Երևանն ու Անկարան հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։