Մատչելիության հղումներ

Հայ-բելառուսական լարվածությունը պետք է դիտարկել Երևան-Մոսկվա հարաբերությունների մեջ․ քաղաքագետ


Հայ-բելառուսական լարվածությունը պետք է դիտարկել ոչ թե Երևան-Մինսկ, այլ Երևան Մոսկվա հարաբերությունների մեջ, այսօր Գյումրիում կազմակերպված քննարկմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

Օրերս Երևանն ու Մինսկը խորհրդակցությունների համար ետ կանչեցին իրենց դեսպաններին։

Հայաստանի վարչապետը մինչ այդ խորհրդարանում հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վերջինս այս զարգացումներից մեկ ամիս առաջ Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ սա Հայաստան-Ռուսաստան-ՀԱՊԿ հարաբերությունների սրման հերթական փուլն է.

«Վերջնակետը ո՞րն է լինելու, որ ի վերջո հասունացվելու է մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ գերագույն մարմինը պարզապես որոշում է ընդունելու և Հայաստանը հեռացնելու է ՀԱՊԿ կազմից՝ շարքերից։ Դա կլինի, ըստ էության, իրավաբանական ձևավրումն էն մտքի, որ Հայաստանում հնչում էր, թե Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից», - «Ազատության»-ն ասաց Քոչինյանը։

Հարցին, թե Հայաստանն էդ քայլերո՞վ է գնում, քաղաքագետը պատասխանեց․ - «Նաև, օրինակ, ֆինասավորմանը չմասնակցելը և էդ ամբողջ դեինտեգրացիայի պրոցեսը, ըստ իս, նպատակն այն է, որ ՀԱՊԿ-ը կայացնի էդ որոշումը, հետևաբար քաղաքական պատասխանատվությունը չլինի Հայաստան վրա, որովհետև, ի վերջո, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս, ոչ թե Հայաստանը»։


Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ ասել էր՝ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց երբ՝ չէր հստակեցրել։

Արեգ Քոչինյանը կարծում է, որ եթե խաղաղության պայմանգիրը ստորագրվի Ադրբեջանի հետ ու հարաբերությունները կարգավորվի Թուրքիայի հետ, ապա Ռուսաստանի ազդեցությունը զգալի կնվազի։

«Ռուսների ներկայությունը կոնֆլիկտի վրա է հիմնված, եթե չկա կոնֆլիկտը չկա նաև ռուսկան ներկայությունը, սա է հարցը։ Այո՛, ես կարծում եմ հայ-ադրբեջանական կարգավորման թիվ մեկ հակառակորդն էս պահին աշխարհում Ռուսաստանն է, նույնն էլ Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական կարգավորումն էլ Ռուսաստանի ամենավատ տարբերակն է, որովհետև էդ պարագայում հարց է առաջանում՝ իսկ, եթե մենք հարաբերությունները կարգավորել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մեր ինչի՞ն են պետք ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին և մեր ինչի՞ն է պետք ռուսական ռազմաբազան Գյումրիում», - ասաց Քոչինյանը։

Պաշտոնական Երևանը վերջին տարիներին հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը։ Իսկ Արևմուտքը փորձում է նվազեցնել Ռուսաստանի դերը, այստեղ շահերի համընկնում կա, ասում է Քոչինյանը՝ նշելով՝ այս ֆոնին Երևանը պետք է կարողանա իր օրակարգն առաջ տանել․ - «Հիմա քո դերը ո՞րն է, որ սրանց ոչ մեկի ձեռքին դու գործիք չդառնաս մյուսի դեմ, դու կարողանաս քո օրակագը սպասարկես»։

Բայց Հայաստանը դեռ շարունակում է Ռուսաստանից մեծ տնտեսական կախվածություն ունենալ, երկու երկրները նաև նույն տնտեսական դաշինքի անդամ են։

Քաղաքագետը կարծում է՝ Հայաստանի եվրաինտեգրացիան պետք է փաթեթային տարբարկով լինի։

«Մեթոդաբանորեն այլ լուծում կլիներ փաթեթեային տրամաբանությունը։ Այսինքն՝ Հայաստանը ստանար ինչ-որ երաշխիքներ՝ ինչ-որ կոնկրետ փաթեթով հնարավորություններ և կոնկրետ փաթեթով էլ գնար դեինտեգրացիայի էսպես պայմանականորեն եվրասիական ուղղությունից։ Սա, իհարկե, մեթոդաբանորեն լուծում կլիներ, բայց էստեղ խնդիրն այն է, որ մեր արևմտյան գործընկերների մոտ չկա պարզապես տեխնիկապես նման մեթոդաբանություն, էնտեղ գործում է «ավելին ավելիի դիմաց, փուլ առ փուլ» տարբերակը։ Եթե անգամ այլ մեթոդաբանություն չի աշխատում, ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք փուլ առ փուլ տարբերակին և հնարավորինս ստեղծենք մեզ համար ապահովագրություններ՝ աղետալի սցենարներից խուսափելու համար», - ասաց Քոչինյանը։

Քաղաքագետը նկատում է՝ Հայատանը մեծածավալ տնային աշխատանք ունի, որը դեռ կիսատ է մնացել ներկայումս Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները կարգավորող համապարփակ ու ընդալայնված գորընկերության համաձայնագրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG