Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 3-ին հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը, շեշտել Սիրիայի հյուսիսում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանն ասել է, որ ամենակարևոր խնդիրը խաղաղ բնակչությանը չվնասելն է՝ շեշտելով՝ Սիրիան չպետք է դառնա ավելի մեծ անկայունության աղբյուր։
«Մի կողմից Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից՝ ձգտում է հակամարտության արդար և կայուն լուծմանը», - ասել է Էրդողանը՝ կարևորելով հարցի դիվանագիտական լուծումը․ - «Սիրիական ռեժիմը պետք է ներգրավվի խնդրի քաղաքական լուծման գործընթացում»։
Թուրքիան ամեն ինչ անում է Սիրիայում հանգստություն ապահովելու համար, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով՝ Թուրքիան վճռական է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և նրա ճյուղերի դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից։
Ռուսական կողմը հաղորդում է, որ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ լինել՝ կարգավորման ուղիներ գտնելու համար։
Պուտինն ընդգծել է «արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, օգտագործելով տարածաշրջանում Անկարայի ունեցած հնարավորությունները»։
Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համակարգման կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիան․ «Մոտ ապագայում կհանդիպեմ Պուտինի հետ»Էրդողանի ու Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության կողմից նոյեմբերի 28-ին Հալեպի ուղղությամբ ձեռնարկված հարձակման ֆոնին։ Սիրիացի ապստամբներն անցած շաբաթ գրավել են Հալեպը մոտեցել Համա խոշոր քաղաքին։ Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ Սիրիայի հյուսիսում ապստամբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 602-ի։ Զոհերի թվում նաև 104 խաղաղ բնակիչներ կան։
Սա սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջին տարածքային առաջխաղացումն է 2020-ի մարտից ի վեր, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում հրադադարի շուրջ պայմանավորվեցին: Անկարան, ի տարբերություն Թեհրանի և Մոսկվայի, աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները