ԵՄ-ն շարունակում է Բաքվին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տներ վերադառնալը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ

Եվրամիությունը (ԵՄ) շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրավոր պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:

Բացի այդ, Բորելը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ «Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն» ու հայրենադարձությունը կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության աճի ամրապնդման համար։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից կալանավորների հետ կապված իրավիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն», - նշված է բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանի մեջ։

  • 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
  • Օրերս իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված անձանց ընտանիքներից իրեն տեղեկություններ են հասնում դաժան վերաբերմունքի մասին։
  • Քննչական կոմիտեի տվյալներով՝ այժմ Բաքվի բանտերում 23 գերի է պահվում, նրանից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներն են։ Ադրբեջանցի ուժայինները Արցախի նախկին 8 պաշտոնյաներին ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում: