ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի աջակիցների թիվն ավելանում է։
Մարդու իրավունքների շարունակական խախտումների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքի նախագիծն այս պահի դրությամբ արդեն 32 կոնգրեսական է պաշտպանում՝ 26-ը՝ Դեմոկրատական կուսակցությունից, 6-ը՝ հանրապետական։ Փաստաթղթի հեղինակներ կոնգրեսականներ Դինա Տայտուսը և Գաս Բիլիրակիսը ադրբեջանցի 44 պաշտոնյայի անուն են տալիս՝ պնդելով, որ քաղաքական և ռազմական այդ գործիչները ներգրավված են ինչպես Ադրբեջանի քաղաքացիների, այնպես էլ հայերի դեմ հանցագործություններում։
Եթե Բայդենի վարչակազմը հաստատեց, որ այդ պաշտոնյաներն իրավախախտներ են, նրանց նկատմամբ կկիրառվի «Մագնիտսկու ակտը»՝ կսառեցվեն այդ անձանց ակտիվները, կարգելվի նրանց մուտքը Միացյալ Նահանգներ։
Անցած ամիս կոնգրեսականների սեղանին դրված փաստաթղթի հեղինակները ներկայացնում են ողբերգական այն իրադարձությունները, որոնց ետևում կանգնած է Ալիևի վարչակազմը․ Արցախի ավելի քան 9 ամիս տևած շրջափակում՝ ուղեկցված սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների սուր պակասով, Արցախի դեմ արյունալի հարձակումներ, էթնիկ զտում, տասնյակ հայերի, արցախցի նախկին պաշտոնյաների ձերբակալություններ, գերեվարում, արտադատարանական սպանություններ, խաղաղ բնակիչների թիրախավորում, ադրբեջանցի լրագրողների, իրավապաշտպանների, իշխանության քննադատների կամայական ձերբակալություններ, բանտային խոշտանգումներ, ազատությունների սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:
Ամերիկացի կոնգրեսականները, հիշեցնելով Արցախի դեմ վերջին ռազմական գործողությունների ընթացքում հայերի գերեվարման դրվագների մասին, պնդում են, որ ադրբեջանական կողմի նման քայլերը վստահություն չեն ներշնչում խաղաղության մասին Բաքվից հնչող հայտարարությունների նկատմամբ:
«Լրջորեն կասկածի տակ է դրում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքներին, ինչպես նաև Հայաստանի հետ արդար և կայուն խաղաղության շուրջ բանակցություններ վարելու ունակությունը», - ասվում է օրինագծի տեքստում:
Այդ ու մյուս հանցանքների համար ամերիկացի օրենսդիրները գործադիր իշխանությունից պահանջում են պատժել, մասնավորապես, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևին, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմին, Հատուկ նշանակության ուժերի հրամանատարներին, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևին, Ռազմական ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, Ալիևի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևին, տասնյակ դատավորների, դատախազների , Արդադատության նախարարության պաշտոնյաների:
«Եկել է ժամանակը՝ ստիպելու նրանց վճարել, պատասխանատվություն կրել նման գործողությունների համար», - անցած ամիս ներկայացնելով բանաձևը՝ հայտարարում էր փաստաթղթի հեղինակ՝ նախագահ Բայդենի կուսակից Տայտուսը։
Կոնգրեսում այս առաջարկի քվեարկության ժամկետները դեռևս հստակ չեն: Հայտնի է, սակայն, որ Բաքուն արդեն փորձում է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Փաստաթուղթը շրջանառության մեջ դրվելուց օրեր անց Վաշինգտոն շտապեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով անցած ամիսներին Միացյալ Նահանգների իշխանություններին հակաադրբեջանական քաղաքականության մեջ էր մեղադրում և պնդում, թե պետք է արգելել հայերի հետ կապեր ունեցող Սամանթա Փաուերի ղեկավարած ամերիկյան կազմակերպության գործունեությունը Ադրբեջանում։
Ժամանելով Վաշինգտոն՝ Ալիևի օգնականը հանդիպեց վերջերս Բաքվի հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցրած՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներից զատ, Հաջիևին ընդունել է նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ադրբեջանա-ամերիկյան այդ բանակցությունների մասին հաղորդագրություններում Բաքուն ընդգծել է՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային, միջազգային անվտանգության միջավայրը, ինչպես նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։