Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձից հետո թե՛ Միացյալ Նահանգների գործող նախագահը, թե՛ նրա հանրապետական մրցակիցը ազգային միասնության կոչեր են հնչեցնում՝ հորդորելով թուլացնել երկրում առկա քաղաքական լարվածությունը։
«Նման տեսակի բռնությունը, ցանկացած բռնություն Ամերիկայում տեղ չունի։ Բացառություններ չկան։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը սովորական երևույթ դառնա։ Դուք տեսնում եք, որ քաղաքական հրետոռաբանությունը երկրում թեժացել է։ Եկել է հանդարտվելու պահը։ Մենք բոլորս ենք պատասխանատու դրա համար», - հայտարարել է Բայդենն՝ ընդգծելով, որ տարաձայնությունները Միացյալ Նահանգներում պետք է հաղթահարվեն «ընտրությունների, այլ ոչ թե բռնության միջոցով»։
Մահափորձից հետո առաջին հարցազրույցը Դոնալդ Թրամփը տվեց Washington Examiner թերթին՝ նշելով, որ ամբողջությամբ փոխել է այն ելույթի տեքստը, որ պետք է հնչեցնի այսօր Միլուոկիում մեկնարկող Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համաշխարհային առաջնորդները դատապարտում են Դոնալդ Թրամփի վրա հարձակումը«Այդ ելույթը այլ է լինելու, քան երկու օր առաջ եղած տարբերակը։ Այդ ելույթը ողջ երկիրը, եթե ոչ աշխարհը միավորելու հնարավորություն կարող է լինել», - հայտարարել է Թրամփը՝ պնդելով, թե հրաշքով և Աստծո օգնությամբ է մահից փրկվել։
«Ելույթների ժամանակ ես, որպես կանոն, հազվադեպ եմ աչքս թեքում ամբոխից։ Այս անգամ, սակայն, ես մի պահ շրջվեցի մեծ էկրանին ցուցադրվող տվյալներին նայելու համար։ Եթե ես դա չանեի, մենք այժմ այստեղ նստած չէինք զրուցի», - Washington Examiner-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թրամփը։
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն արդեն իսկ ժամանել է Միլուոկի։ Հանրապետական կուսակցության համագումարին ընդառաջ այստեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքի կենտրոնական փողոցները հազարավոր ոստիկաններ են հսկում։ Սրան զուգահեռ շարունակվում է շաբաթօրյա միջադեպի հետաքննությունը։ Այս պահին Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) մանրամասներ չի հաղորդում՝ տեղեկացնելով միայն՝ Թրամփի վրա կրակել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սպանվել է տեղում՝ թիկնապահների պատասխան կրակից։
Քրուքսն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, գրանցված է եղել որպես հանրապետական, սակայն վերջերս փոքր նվիրատվություններ է կատարել դեմոկրատների օգտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ FBI-ը հրապարակել է Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունըԱյս պահին քննիչները փորձում են հասկանալ Քրուքսի արարքի դրդապատճառները։ Դրա հետ մեկտեղ նախագահ Բայդենը հանձնարարել է հետաքննել անվտանգության ծառայությունների աշխատանքը՝ փորձելով պարզել՝ ինչպես է 800 մետր հեռահարություն ունեցող АR-15 հրացանով զինված Քրուքսը կարողացել հայտնվել Թրամփի կանգնած կետից ընդամենը 130 մետրի վրա գտնվող շինության կտուրին։
Կարո՞ղ է արդյոք շաբաթ օրը տեղի ունեցած մահափորձը նպաստել Թրամփի վարկանիշի աճին։ Այս պահին այդ թեմայով անցկացված սոցհարցումների արդյունքներ դեռ չկան, դրանք ըստ ամենայնի հանրության համար հասանելի կլինեն շաբաթվա երկրորդ կեսին։ Նյու Յորքի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Սպիտցերը, սակայն, չի բացառում, որ վարկանիշի որոշակի աճ կլինի, բայց դա կարճաժամկետ էֆեկտ կարող է ունենալ, և այդ միտումը հազիվ թե պահպանվի մինչև նոյեմբեր։ Դրա հետ մեկտեղ Սպիտցերը ընդունում է՝ մահափորձից հետո արված լուսանկարները Թրամփի համար քարոզչության տեսանկյունից կարող են շատ օգտակար լինել։
«Նրա թիմակիցները կօգտագործեն այդ լուսանկարներն ու պատկերները, հատկապես այն մեկը, որտեղ նա կրակոցներից անմիջապես հետո վեր է բարձրացնում բռունցքը՝ Թրամփի վճռականությունն ու ուժը ի ցույց դնելու համար։ Խորհրդանիշներն ու պատկերները օգտագործվելու են Թրամփի թեկնածությունն առաջ տանելու համար», - նշել է քաղաքագետը։
Սպիտցերը կտրականապես համաձայն չէ Թրամփի աջակիցների այն պնդումներին, թե նախկին նախագահի դեմ հարձակումը դեմոկրատների և անձամբ Ջոզեֆ Բայդենի ձևավորած քաղաքական մթնոլորտի հետևանք է։ Մահափորձից ժամեր անց նման կարծիք էր հայտնել Օհայոից ընտրված սենատոր Ջեյմս Վենսը, որն, ի դեպ, հանրապետականների փոխնախագահի ամենահավանական թեկնածուներից մեկն է։
«Բայդենն ու նրա նախընտրական թիմը չեն արել կամ ասել որևէ բան, որ կարող էր նման բռնություն հրահրել», -պնդել է Սպիտցերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն ու Թրամփը հարձակումից հետո ազգային միասնության կոչ են անումԱմերիկացի մեկ այլ վերլուծաբանի՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Դալեկի համոզմամբ էլ՝ հուլիսի 13-ի մահափորձը կարող է քաղաքական բռնության վերջին դրվագը չլինել Միացյալ Նահանգներում։
«Բռնությունը որպես կանոն բռնություն է ծնում։ Այդպես չի լինում, որ ինչ-որ բռնարարք է տեղի ունենում, հետո ամեն ինչ հանդարտվում է։ [Թրամփի դեմ] հարձակումը առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում շատ ավելի վտանգավոր ուղղությամբ է տանելու երկիրը», - վստահ է Դալեկը։