ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ու նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երեկ ուշ երեկոյան ամերիկացիներին միասնության կոչ են արել՝ Թրամփի դեմ մահափորձից հետո։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից նախագահի թեկնածուն վիրավորվեց, իսկ աջակիցներից մեկը սպանվեց։
Դեպքի առթիվ Բայդենն անկախ հետաքննություն է պահանջել։
ԱՄՆ նախագահն ասել է, որ «կարճ, բայց լավ» զրույց է ունեցել Թրամփի հետ։ Վերջինս վիրավորվել է աջ ականջից, երբ ենթադրյալ զինված անձը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուկսը, կրակել է ամբոխի ուղղությամբ մոտակա շինության տանիքից։ Քրուկսը սպանվել է գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ դեռևս հարձակման շարժառիթն են ուսումնասիրում։
Հարձակումը տեղի է ունեցել Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ), որտեղ հուլիսի 18-ին գումարվելու է հանրապետականների ազգային համագումարը՝ Թրամփի թեկնածությունը հաստատելու հարցով: Համագումարին ընդառաջ 78-ամյա Թրամփն արդեն ժամանել է Միլուոքի։
Թրամփը Washington Examiner թերթին ասել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ համագումարում, իսկ այդ ելույթը շատ տարբեր է լինելու երկու օր առաջ նախատեսված ելույթից։ «Սա ամբողջ երկիրը, նույնիսկ ամբողջ աշխարհը միավորելու հնարավորություն է», - ասել է Թրամփը։
Բայդենն էլ հուլիսի 14-ի ուշ երեկոյան Սպիտակ տնից ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում դատապարտել է մահափորձը և տեղեկացրել, որ հրամայել է հետաքննել, թե ինչպես կարող էր զինված տղամարդն այդքան մոտենալ, որ կրակի Թրամփի վրա՝ չնայած ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտպանությանը։
«Ամերիկայում նման բռնության, առհասարակ որևէ բռնության համար տեղ չկա: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բռնությունները սովորական դառնան»,- ասել է Բայդենը՝ շարունակելով․ - «Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը շատ է թեժացել։ Ժամանակն է սառեցնել այն»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 5-ին։