Բողոքի ցույց Սիրիայում. պահանջում են պաշտպանել քրիստոնյաների իրավունքները

Սիրիայում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում Համա քաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրում են Սուրբ Ծննդյան տոնածառը:

Ցուցարարներից մեկն ասել է, թե ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն, իսկ իրենց անունն ու ձայնը ներկայացված լինեն Սահմանադրությունում:

«Մենք այստեղ ցույց ենք անում, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքներն ընդդեմ ագրեսիայի, որը տեղի է ունեցել Համայում՝ տոնածառի այրումը, եկեղեցիների վրա հարձակումները … Մեզ համար սա անընդունելի է։ Որպես քրիստոնյաներ՝ ցանկանում ենք, որ հարգվեն մեր իրավունքները», - հավելել է նա:

Մեկ այլ ցուցարար նշել է, որ իշխանության ղեկն ստանձնած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հետ երկիր են եկել աֆղաններ, ուզբեկներ, չեչեններ, որոնք այլևս անելիք չունեն Սիրիայում և պետք է հեռանան:

Թուրքիայի աջակցությամբ Բաշար ալ-Ասադի վարչակազմը տապալելուց հետո իշխանության եկած իսլամիստ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը հայտարարել է, որ միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները, որոնց խոստացել է պատասխանատվության ենթարկել։

Սիրիայում ապրում են բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբեր, և իշխանության գալուց հետո խմբավորումը խոստացել է պաշտպանել բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայի նոր իշխանությունները հայ համայնքին հորդորել են վախը մի կողմ դնել, հանգիստ լինել. Պողիկյան

Իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել զինյալ խմբավորումների հետ` նրանց կազմալուծման և բանակին ինտեգրվելու վերաբերյալ

Նոր իշխանությունը փորձում է նաև բանակը վերականգնել. այսօր հայտարարել են, թե համաձայնության են եկել երկրով մեկ սփռված զինյալ խմբավորումների հետ՝ նրանց կազմալուծման և կանոնավոր բանակին ինտեգրվելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել «Հայաթ Թահրիր ալ - Շամ»-ի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի և Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող մյուս զինված խմբերի միջև այսօր տեղի ունեցած հանդիպմանը։

Նոր իշխանությունները խոստանում են նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, որը թուլացել է Բաշար Ասադի ղեկավարման տարիներին: «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Հորդանանի ու Քաթարի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել էր, որ այս երկրները պատրաստ են ներդրումներ անել Սիրիայում:

«Պաշտոնական Դոհան պատրաստակամություն է հայտնել մեծ գումարներ ներդնել տարբեր ոլորտներում, նախ և առաջ էներգետիկայի ոլորտում։ Քաթարցիներն էներգետիկ ոլորտից բացի, մեծ փորձ ունեն նաև նավահանգիստների և օդանավակայանների կառավարման գործում», - ասել է նա:

Էրդողանն առաջիկայում կայցելի Սիրիա. ԶԼՄ

Ըստ թուրքական «Հյուրիեթի»՝ առաջիկա 15 օրում Սիրիա կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեծ պատվիրակությամբ, որի կազմում նաև տնտեսական բլոկի նախարարները կլինեն։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էլ Սիրիայի դե ֆակտո առաջնորդի հետ կիրակի Դամասկոսում հանդիպումից հետո հայտարարել էր, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Հաքան Ֆիդանը նշել էր, որ Սիրիայում հնարավոր է վերացնել ահաբեկչության սպառնալիքը և ուժեղացնել տնտեսությունը, նաև շեշտել միջազգային պատժամիջոցները վերացնելու կարևորությունը: Ֆիդանը, սակայն, չէր հիշատակել Սիրիայի հյուսիսային այն շրջանները, որոնք Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան «կօգնի Սիրիայի նոր կառավարությանը ձևավորել պետական կառուցվածքը», մշակել նոր Սահմանադրություն

Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան իր հերթին այս ընթացքում Արևմուտքին քանիցս կոչ է արել հանել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, իսկ իր ղեկավարած խմբավորումը հանել ահաբեկիչների ցանկից: Այս ընթացքում նաև արևմտյան մի շարք պատվիրակություններ են հասցրել լինել Դամասկոսում ու հանդիպել Սիրիայի փաստացի ղեկավարի հետ: