Թուրքիան կօգնի Սիրիայի նոր կառավարությանը ձևավորել իր պետական կառուցվածքը և մշակել նոր Սահմանադրություն, լրագրողներին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ Անկարան այդ հարցով կապի մեջ է Դամասկոսի հետ։
Եգիպտոսում մահմեդական 8 երկրների ղեկավարների հանդիպումից վերադարձի ժամանակ զրույցում Էրդողանն ասել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը շուտով կայցելի Դամասկոս՝ քննարկելու Սիրիայի «նոր կառուցվածքը»՝ առանց մանրամասներ հայտնելու։
Էրդողանը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր կառավարության ձևավորումը՝ Ահմադ ալ-Շարաայի գլխավորությամբ, որը ավելի հայտնի է որպես Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի, երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի կհասցնի, և հավելել, որ Սիրիայի վերակառուցման համար անհրաժեշտ է վերացնել Ասադի օրոք Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Էրդողանը հավելել է՝ ուրախ է տեսնել, որ արևմտյան և մահմեդական երկրները կապ են հաստատում Ջուլանիի հետ։
Թուրքիայի նախագահը նաև քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» զինյալներին Սիրիայից արմատախիլ անելու և ոչնչացնելու մասին է խոսել, ասել է, որ իր կառավարությունը «կանխարգելիչ միջոցներ» է ձեռնարկում Թուրքիայի համար վտանգ ներկայացնող այդ խմբերի դեմ՝ դրանք ահաբեկչական անվանելով և հայտարարելով, որ այդ խմբերի ղեկավարները կջախջախվեն ամենակարճ ժամանակում։
Ուշագրավ է, որ Սիրիայում իշխանության եկած ու Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ-Շամը»-ը դեռ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության ահաբեկիչների ցանկում է, թեև դա չի խոչընդոտում, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության երկրների պատվիրակություններն այցելեն Դամասկոս և հանդիպում ունենան նրանց հետ Սիրիայի ապագայի հարցով։