Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել, «Ազատության»- հարցին ի պատասխան հաստատեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Politico հանդեսը երեկ հոդված էր հրապարակել՝ նշելով, որ «Բելառուսը առաջադեմ զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամուն, թեև երկու երկրներն էլ [Հայաստանն ու Բելառուսը] ենթադրաբար դաշնակիցներ էին Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանության համաձայնագրում»։
«Ադրբեջանին 2018-22 թվականներին առաջադեմ ռազմական տեխնիկա վաճառելու Բելառուսի որոշումն առավելություն է տալիս Բաքվին իր վաղեմի մրցակցի հետ պատերազմների ալիքում։ Հայաստանի կողմից այն որպես ստոր դավաճանություն կդտարկվի», - գրել է հանդեսը:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ «շատ հնարավոր է կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»:
«Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է», - ասաց Քոչարյանը՝ շեշտելով՝ Հայաստանը արձագանքել է Բելառուսի այս քայլին:
«Բազմաշերտ արձագանք է եղել», - ընդգծեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև նշելով, որ «Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որ իր հեռավորությամբ, խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին»։
Մինսկը տարիներ շարունակ եղել է Բաքվին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի խոսքով՝ պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելեց Ֆիզուլի, Շուշի, խոսեց Ղարաբաղում իրենց ծրագրերի մասին