Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի խոսքով՝ պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել


Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 16-ը մայիսի, 2024թ.
Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 16-ը մայիսի, 2024թ.

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաձնազրույց են ունեցել, հետո ընդլայնված կազամով հանդիպում, հայտարարությամբ են հանդես եկել մամուլի համար։

Ադրբեջական լրատվամիջոցներն ուղիղ մեջբերում են Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ նա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Ալիևին ասել է, թե իրենք եղբայրների պես են շփվում, միանման են ընկալում աշխարհը, և նրա խոսքերից երևում է, որ դեռ մինչ (44-օրյա) պատերազմը երկուսով քննարկել են պատերազմի թեման ու եզրահանգել, որ կարելի է հաղթանակի հասնել։

«Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահել այդ հաղթանակը, և երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը: Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, հինգ տարում, գուցե տասը տարում դժվար է ամեն ինչ անել», - ասել է Լուկաշենկոն Ալիևին երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպան ժամանակ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը օգնելու, մասնակցելու պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքների վերականգնման աշխատանքներին։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե իհարկե ուրախ կլինեն, եթե բելառուսական ընկերությունները, ձեռնարկությունները մասնակցեն այդ տարածքների վերականգնմանը, և ընդհանրապես համատեղ գործունեության հեռանկարում մեծ ներուժ են տեսնում։

Լուկաշեկոն պետական այցով երեկ երեկոյան է ժամանել Բաքու։ Այսօր «Զագուլբա» պալատում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են ադրբեջանա-բելառուսական բանակցություններ և համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրում։

XS
SM
MD
LG