ԱՄՆ նախագահը Ալիևին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:
«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», - գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում, որը հրապարակել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։
«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առևտրի, ներդրումների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության համար», - նշել է Բայդենը։
Նամակը հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած հանդիպումից հետո, որտեղ Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:
Նույն կոչով Բաքվին է դիմել նաև Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», - գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. - «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, ոչ թե Վաշինգտոնից․ ՄիլլերԲլինքենը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբՄիրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբՆամակը Բաքու է բերել ԱՄՆ նախագահի օգնականը
Նամակը Բաքու է բերել ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերը։ Այսօր նա հանդիպել է նախ Ադրբեջանի նախագահի, ապա՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, վերստին ընդգծելով, որ ներկայումս պայմանագիրը ստորագրելու պատմական հնարավորություններ կան։
Ի պատասխան, Ալիևը կրկին պնդել է, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված «տարածքային նկրտումներն են Ադրբեջանի նկատմամբ»։ «Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հինգ սկզբունքներով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության օրակարգին», - ասել է նա, հավելելով. - «Այն, որ Հայաստանն իր վերջին առաջարկները ուղարկեց 70 օր հետո, որոշակի հարցեր է առաջ բերում գործընթացն առաջ տանելու այդ երկրի մտադրության վերաբերյալ»։
Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ է խոսել «Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներից», պնդելով, թե այդպիսի ձևակերպումներ կան Հայաստանի ոչ միայն Սահմանադրության, այլև «մի շարք իրավական ու քաղաքական փաստաթղթերում»։
Փաստացի, հայկական կողմի հակափաստարկները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերջին որոշումը Բաքվի տեսակետը չեն փոխել։
«Ազատության» տվյալներով՝ Մայքլ Քարփենթերի պատվիրակությունը վաղը նաև Երևան կժամանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասինԲաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴԲայրամովը տեղեկացրել է ստամբուլյան հանդիպման մասին
Ի դեպ, Բայրամովն ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին տեղեկացրել է նաև անցած շաբաթ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման մասին, որին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները։
«3+3» ձևաչափով այդ հանդիպման ավարտին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն առաջարկել են Ադրբեջանին ու Հայաստանին Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնել այդ հարթակում»։
Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանն առայժմ պաշտոնապես այդ առաջարկին չեն արձագանքել։
Ամերիկացի դեսպանն ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր՝ կողմերն են որոշում՝ որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին։ Միաժամանակ, Քարփենթերն ընդգծել էր՝ Ռուսաստանը վերջին ամիսներին ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի գործընկեր չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ քաղաքական մեկնաբանների՝ Բաքուն կմերժի «3+3» հարթակում խաղաղության բանակցությունները շարունակելու առաջարկըՄիրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբՌուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են «3+3»-ը՝ խաղաղ պայմանագրի համար. Լավրով