Մատչելիության հղումներ

Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալ. Ալիև


Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալու, հատկապես, երբ դրանք անօրինական են, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալ, հատկապես, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են և կիրառվում են բոլորովին անհիմն և ընտրողաբար: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների: Պատժամիջոցները մեր նկատմամբ կիրառվեցին 1992 թվականին այն անհեթեթ մեղադրանքով, որ մենք շրջափակում ենք Հայաստանը այն ժամանակ, երբ մեր տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով, այդ պատժամիջոցները չեղարկվեցին 2001 թվականին, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր բեռները տեղափոխել Աֆղանստան՝ Ադրբեջանի տարածքով։

«Եվ Միացյալ Նահանգների նախագահն, անկախ կուսակցական պատկանելությունից, չեղյալ հայտարարեց այդ պատժամիջոցները մինչև այն պահը, երբ ԱՄՆ-ը փախավ Աֆղանստանից։ Սրանից հետո մեր նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառվեցին: Երբ ես նրանց մեղադրեցի անշնորհակալության մեջ, կարծում եմ, որ սա ամենակոշտ բառը չէ, որը կարելի է օգտագործել այս համատեքստում»,- նշել է Ալիևը։

Պատժամիջոցների հարցին Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր նաև նախորդ շաբաթվա վերջին Ջաբրայիլում՝ մասնավորապես հայտարարելով. - «Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»։

ԱՊՀ ԱԳ նախարարների նիստին Հայաստանը չի միացել միակողմանի պատժամիջոցները դատապարտող հայտարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG