Կլիմայական քաղաքականության հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հերքել է պաշտոնական Բաքվի պնդումները, թե Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ամերիկացի կոնգրեսականների նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունում։
Երեկ Բաքվում, լրագրողների հետ զրույցում, ամերիկացի պաշտոնյան շեշտել է՝ պնդումները, թե ԱՄՆ գործադիր իշխանությունը վերահսկում է Կապիտոլիումի գործողություններն, իրականությանը չեն համապատասխանում։
Պոդեստան միաժամանակ չի հստակեցրել՝ որն է պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։
«Նամակն արտացոլում է նրանց (կոնգրեսականների) մտահոգությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Այդ ամենն իրենց անձնական, անկախ հայացքներն են։ Նրանք ենթակա չեն պետքարտուղարի կամ գործադիր իշխանության որևէ այլ ազդեցության», - ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ասել է Ջոն Պոդեստան։
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների թեման «պարբերաբար քննարկվում է Վաշինգտոնի և Բաքվի միջև», այդ թվում՝ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Պոդեստայի խոսքով՝ Ալիևի վարչակազմը Վաշինգտոնին խոստացել է կատարել «մարդու իրավունքների և մամուլի ազատության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»։
«Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կկատարեն այդ խոստումները», - հայտարարել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր Միացյալ Նահանգներին, մասնավորապես, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտարարելով, թե իրեն տեղեկացրել են, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանն՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։
«Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը», - ասել էր Ալիևը։
Ալիևի հայտարարությունից օրեր անց հաղորդվեց, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորները նամակ են հղել Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ծրագրերը: