Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է, երեկ երեկոյան Սպիտակ տանն իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։
Բայդենն ասել է, որ Ասադի գտնվելու մասին ստույգ տվյալներ չունի, սակայն նշել է՝ տեղեկություններ կան, որ նա Մոսկվայում է։
Ռուսական РИА "Новости" գործակալությանն էր նաև երեկ ուշ երեկոյան, հղում անելով Կրեմլի իր աղբյուրը, հաղորդել, որ Ասադը Մոսկվայում է և որ Ռուսաստանը Սիրիայի նախագահին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալներըԻր ելույթում Բայդենը նշել է, որ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և լիբանանյան արմատական «Հեզբոլա» շարժումը (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) «առաջին անգամ» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում չկարողացան օգնել Ասադին։ Բայդենը սա կապել է նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարած քաղաքականության հետ, որը, ըստ ԱՄՆ նախագահի, հանգեցրել է Մոսկվայի և Թեհրանի թուլացմանը։
Պատմական հնարավորություն է բացվում Սիրիայի ժողովրդի համար, նաև հայտարարել է Բայդենը՝ միաժամանակ ընդգծելով, որ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք այժմ եկել են իշխանության, նախկինում ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն առանցքային դեր ունի ընդդիմության վերջին հարձակման մեջ, Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել։
Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը ընդդիմության առաջնորդներին կգնահատի ըստ իրենց արած քայլերի՝շեշտելով՝ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային անցումային շրջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայի կորուստը «հուժկու ապտակ» կլինի Ռուսաստանի համարԱՄՆ-ը 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր պահանջում էր Բաշար Ասադի հեռացումը և Սիրիայում նոր կառավարություն ձևավորում՝ հիմնված լայն երկխոսության վրա։ Ասադին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեղադրում էին խաղաղ ցույցերը ճնշելու, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև քիմիական զենք օգտագործելու համար։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները զինված աջակցություն չցուցաբերեց սիրիական ընդդիմությանը Ասադի հետ առճակատման ժամանակ՝ սահմանափակվելով Դամասկոսի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ինչպես նաև մի քանի թիրախային հարվածներով՝ ի պատասխան քիմիական զենքի կիրառման, ինչպես նաև ԻՊ-ի դեմ գործողություններով։
ԱՄՆ-ը զորախումբ ունի Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են Դամասկոսը