Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր

Կիրանցի դպրոցի նոր շենքը, 20-ը օգոստոսի, 2024թ.

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, աջ անկյունում՝ սահմանային սյունը, մայիս, 2024թ.

Հայ - ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողարկող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա։

Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։

Անցած մեկ ամսում միակ սահմանախախտն այստեղ ոսկեպարցի Աղամյանների Սևուկ կովն է եղել, որ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ներքև սահմանն անցել ու ուղիղ ականի վրա է հայտնվել։ Սևուկի կյանքը փրկել չի հաջողվել։

Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Այստեղ մեկի տունն է ամբողջովին անցել Ադրբեջանին, մեկն առանց տնամերձի է մնացել, մյուսի դեպքում էլ՝ սահմանային փշալարը տան բակով է անցնում։

«Դե հիմա, պետական սահման ա, պիտի որ ավելի ապահով լինի, որովհետև ընդգծված սահման ա: Թշնամին էլ ա ստորագրել տակը, որ սա սահման ա պետական, մենք էլ», - ասաց կիրանցեցիներից մեկը՝ դրական պատասխան տալով «Ազատության» հարցին՝ «սա անվտանգության երաշխիք լրիվ տալի՞ս է». - «Իհարկե, վաղը-մյուս օրը որ խախտի, արդեն պատասխան ա տալու՝ սահմանը ինչի՞ համար ա խախտել: Սրանից առաջ ասում էր՝ անորոշ վիճակ ա, ո՞վ ա ասել սահման ա, իսկ սա արդեն ընդգծված սահման ա»: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ պետությունը փոխհատուցում տվե՞լ է արդյոք ճանապարհ դարձած տնամերձի համար:

«Վերջում ամենամոտիկը ես եմ մնալու ստեղ, հա, անպայման, մինչև կյանքիս վերջը», - հայտարարեց մյուսը: «Ազատության» հարցին՝ «Փաշինյանն ասում էր՝ եթե կուզեք, հրաժարվեք, ես ձեզ փոխհատուցում կտամ, Դուք չհրաժարվեցի՞ք», կիրանցեցին արձագանքեց. - «Մարդ իրա սրբությունից կհրաժարվի՞»:

Կիրանցի նորակառույց դպրոցում, որ պատից ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու, շինաշխատանքները գրեթե ավարտված են։ Շինարարները վստահեցնում են, թե սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի շահագործման. - «Ներսը էդքան բան չի մնացել, կհասցնենք, էլի, պրծնենք ոնց որ մինչև ամսվա վերջ: Դեռ մաքրություն ա ներսում կատարվում, որ մաքրությունից հետո արդեն բերելու են գույքերը»:

Կիրանցի գործող դպրոցը վթարային է, դեռ տարիներ առաջ էին տեղացիներն ասում, որ այստեղ դասեր կազմակերպելը վտանգավոր է։ Բայց նոր դպրոցն այսօր արդեն հայ - ադրբեջանական նոր սահմանին ամենամոտ շինությունն է, որտեղ սեպտեմբերից 41 աշակերտ դասի կգնա։ Սահմանազատման օրերին Կիրանցի բնակիչներն անհանգիստ էին՝ ինչպե՞ս իրենց երեխաներին սահմանի բերան դպրոց կուղարկեն։ Այսօր շատերը հրաժարվում էին հարցազրույցից, դեռ անորոշ են։ Հեռվից են հետևում՝ ինչպես են դպրոցի արտաքին պատերը դեղին ներկում, բակը կարգի բերում ու ներքին հարդարման աշխատանքներ անում։

Հարևան Ոսկեպարում սահմանագծումը գյուղացիների տներին չի հասել։ Սահմանազատման օրերին ոսկեպարցիները դժգոհ էին՝ գիծը խորհրդային տարիների սահմանով տանեն՝ առնվազն 7 տուն կամ տնամերձ Ադրբեջանին կանցնի։ Բայց տներն էլ, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին էլ նոր տեղադրված սահմանային սյուներից այս կողմ մնացին։

Թե ինչ կլինի հետո, գյուղացիներին անհայտ է, բայց խորհրդային սահմանից այն կողմ կառուցված Սիրվարդենց տան սեփականության հարցն այդպես էլ չլուծվեց։ Այսօր էլ պատկան մարմիններն այդ տարածքի համար սեփականության վկայական չեն տալիս, թե այն Հայաստանի քարտեզներում չկա։

Ոսկեպարում եկեղեցին բաց է այցելուների համար։ Բայց հետնամասում փշալարեր են, աջ ու ձախ՝ հայկական ու ադրբեջանական դիրքեր, որոնց նկարահանումը ևս արգելում են սահմանապահները։ Տեղացիներն ասում են՝ ժամանակ առ ժամանակ պատարագներ լինում են այստեղ։

«Փաստացի, ըստ ինձ, եկեղեցուց էն կողմը, մինչև մի 70-80 մետր սահմանը էն կողմն ա գնացել: Եկեղեցին գործում ա, ազատ ձևով՝ ով ցանկանում ա, գալիս ա եկեղեցի, պատարագ ա կազմակերպվում, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց ոսկեպարցիներից մեկը՝ հաստատելով, որ վերջին մեկ ամսվա մեջ պատարագ եղել է:

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, աջ անկյունում՝ սահմանային սյունը, մայիս, 2024թ.

Ոսկեպարցի Սոկրատ Պապյանն Արցախից եկած հարևաններ ուներ, ասում է՝ հնարավոր պատերազմի մասին լուրերից ու բողոքի ակցիաներից անհանգստացած՝ գյուղից հեռացան, հավանաբար՝ ավելի ապահով բնակավայրեր։

«Ազատության» հարցին՝ «ոչ մի արցախցի չի՞ մնացել», Պապյանն արձագանքեց. - «Չէ, չէ, չէ»: Հարցին էլ՝ «ինչո՞ւ գնացին», պատասխանեց. - «Վախեցան պատերազմ ըլի, փախան, էլի»:

«Լավ ես տեսել՝ է՛լ լավն ասա, վատ ես տեսել՝ է՛լ լավն ասա: Իրար հետ համերաշխ ըլենք», - ամփոփեց ոսկեպարցին: