Մատչելիության հղումներ

Կիրանցում կառուցվող սահմանային պատից այն կողմ ադրբեջանցի սահմանապահներ են նկատվել


Կիրանցում կառուցվող սահմանային պատի հետևում ադրբեջանցի սահմանապահներ են երևացել։ Բնակիչները պատմում են՝ տեսել են ինչպես են մի քանի սահմանապահներ ու ևս մեկ ականազերծող քայլում այն տարածքում, որտեղ օրեր առաջ կիրանցեցիների տներն էին։

Ինչո՞ւ էին իրենց նախկին տների տարածքում ականներ փնտրում, զարմանում է բնակիչներից Գոհար Վարդանյանը. - «Դուրս եկա տնից, տեսա կամրջի վրա քայլում են, գնացի հարևաններից մեկի տուն, իր տնից ավելի պարզ է երևում, սահմանապահներն էին Ադրբեջանի, մեկ ականազերող, ականազերծող սարքով քայլում էին, գալիս էին էն հատված, որտեղ 2 ամիս առաջ ապրում էին Կիրանց գյուղի բնակիչները: Ադրբեջանին հանձնված երկու քանդված տների տարածքով էին քայլում՝ ականազերծող սարքով»:

Մեկ շաբաթ առաջ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարեց, թե ժամանակավոր փակում է Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը՝ շինարարական աշխատանքների պատճառով։ Բայց այն մշտական փակվեց՝ ճանապարհի լայնքով երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունը կառուցվեց։

Դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մոտ 800 մետր հատված մնաց սահմանային պատի ետևում։ Դրա փոխարեն Աճարկուտ գյուղով շրջանցիկ ճանապարհ է գործում։ Հենց այդտեղ էլ գյուղացիները տեսել են ադրբեջանցի սահմանապահներին։

«Մինչև վերջ մեզ սահմանապահներն ասում էին, որ չեն գալու պատի հետև, այսինքն, իրենք այդ հատվածում չեն քայլելու, չեզոք տարածք է, չգիտեմ ինչ, բայց փաստ, երեկ իրենք պատից 1 մետր հեռավորության վրա քայլում էին: Այսինքն՝ դպրոցի մուտքից 50 մետր են հեռու, դպրոցի բակից, որտեղ երեխան խաղալու է՝ 30 մետր», - ասաց բնակիչը:

Սա ամենաշատն անհանգստացրել է ընտանիքներին, որոնց երեխաները սեպտեմբերին դպրոց կգնան։ Գյուղում դարձյալ ակտիվացել են կասկածները՝ իրենց երեխաներին կուղարկեն պատից 50 մետրի վրա գտնվող դպրոց, թե՝ ոչ։

Չնայած բողոքի ակցիաներին, որոնք Կիրանցից մինչև մայրաքաղաք հասան, Տավուշի 12 կմ-անոց հատվածը սահմանազատվեց։ Կիրանցի բնակիչները հույս ունեն, որ գոնե Ադրբեջանի վերահսկողությանն անցած Խեյրիմլին իսկապես կբնակեցվի ու գյուղ կդառնա, ինչպես տասնամյակներ առաջ էր, հակառակ դեպքում հույս չունեն, թե պատը կամ էլ երկու կողմի սահմանապահները խաղաղ հարևանություն կապահովեն։

XS
SM
MD
LG