էս պահի դրությամբ կա շատ հստակ հարց դրված սեղանին՝ դա Սահմանադրության հետ կապված պահանջն է, և այդ պահանջը հաղթահարելը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան կողմին կհաջողվի՞ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել Վաշինգտոնում«Ազատություն». - Ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հանդիպումից, ամերիկյան կողմն ասում է՝ փորձելու են արտգործնախարարի հանդիպում կազմակերպել:
Քոչինյան. - Մի կողմից բուն կոնֆերանսն արդեն իսկ հետաքրքիր է դարձնում Հայաստանի համար ընդհանրապես Արևմուտքի հետ մեր համագործակցում որակը, քանակը, լայնությունը, խորությունը, հնարավորինս բոլոր ուղղությունները պետք է ավելացնել, բայց ես չեմ կարծում, որ հանդիպումներով են իրականում իհարկե հարաբերությունը զարգացվել:
«Ազատություն». - Բայց փաստ է, որ հրավեր կա:
Քոչինյան. - Հրավեր կա, պետք է արձագանքել, պետք է գնալ և պետք է ակտիվ մասնակցել, էդ միանշանակ: Բոլորի համար փաստ է, որ հայկական կողմը չի այն կողմը, որը որ խնդիր է տեսնում երրորդ կողմերի ներգրավման մեջ, դա ադրբեջանական կողմն է, որ միշտ ցանկանում է բանակցությունները տանել երկկողմ ձևաչափով և հնարավորինս նվազեցնել Արևմուտքի մասնակցությունն այդ գործընթացներին: Հիմա 2 կողմերը լինելու են Միացյալ Նահանգներում, ես ուզում եմ, որ Միացյալ Նահանգները կարողանա բավականաչափ քաղաքական էներգիա ծախսել այդ հանդիպումը կայացնելու համար, որովհետև էս պահի դրությամբ մենք մոտեցել ենք մի փակուղային իրավիճակի, երբ Ադրբեջանում Ադրբեջանի նախագահի անձնական կապրիզից ելնելով, ըստ էության, տրվել է նախապայման Հայաստանի Սահմանադրության տեսքով, ու գործընթացն այս պահից սկսած շատ դժվար կանխատեսելի է, թե ինչպես է առաջ գնալու: Այնպես, որ հավելյալ ներգրավվածության կարիք կա, այո, և պետք է մեր բոլոր գործընկերների հետ աշխատել կապրիզի վրայով անցնելու ուղղությամբ:
«Ազատություն». - Դուք մտավախություն չունե՞ք, որ այս ակտիվացած ամերիկյան միջնորդական ջանքերը կարճ կյանք կունենան, որովհետև շուտով այդ երկրում ընտրություններ են, նախընտրական շրջան՝ իր հնարավոր հետևանքներով:
Քոչինյան. - Միանշանակ ճիշտ եք, անգամ եթե ընտրությունները չլինեին, վերջին 2-3 տարվա փորձը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ակտիվությունը շատ կարճ է տևում, որպես կանոն, բայց անգամ էդ կարճ տևող ակտիվությունը, եթե կոնկրետ հարց կարողանա լուծել, մեզ համար կոնկրետ ձեռքբերում կլինի: Որովհետև էս պահի դրությամբ կա շատ հստակ հարց դրված սեղանին՝ դա Սահմանադրության հետ կապված պահանջն է, և այդ պահանջը հաղթահարելը:
«Ազատություն». - Ալիևն, ընդգծելով Սահմանադրության փոփոխության պահանջը, առաջարկում է նախաստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները, ապա հետո աշխատել տեքստի վրա: Ինչո՞ւ չստորագրել այդ դեպքում, այլ նախաստորագրվել:
Քոչինյան. - Նախ ֆիքսենք, որ անգամ այդտեղ Ադրբեջանի նախագահը դնում է էդ նույն պահանջը՝ Սահմանադրության փոփոխության պահանջը, ակնհայտ է, որ այլևս չի գնում խոսքը շաբաթների կամ ամիսների մասին, խոսքը գնում է տարիների մասին: Որովհետև Հայաստանը պետք է կազմակերպի էդ թեմայով հանրաքվե, ընդորում, այստեղ արձանագրենք, որ են կետը, որի մասին հղում է անում Ադրբեջանը, ինքը չփոփոխվող կետ ա: Այսինքն՝ ստեղ խոսքը չի գնալու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, ստեղ խոսքը գնալու է նոր կազմով Սահմանադրության ընդունելու մասին, որ անգամներով ավելի բարդ պրոցես է, այսինքն, հիմա էս խոսակցություն ծավալելը նույնն ա, թե գրել ուղղակի սառույցին խաղաղության պայմանագիրը և խաղաղության պրոցեսը: Եվ ես խորը կասկածում եմ, որ Ադրբեջանում չեն հասկանում: Սա շատ լավ են հասկանում Ադրբեջանում, և էդ ստորագրել, նախաստորագրել, սրանք, ըստ էության, գիտեք բառախաղեր են՝ ոչ մեր ականջների համար, սրանք արևմտյան ականջների համար են բառախաղեր, էսպես կառուցողական պրոցեսի վրա կենտրոնանալու դիրքորոշում ցույց տալու խաղեր են սրանք, մինչդեռ հենց այդ նախադասության առաջին բառը, ըստ էության, պրոցեսի սպանությունն է:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ ստորև.