Մոտ մեկ տարվա դադարից հետո՝ ամերիկյան կողմին կհաջողվի՞ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել Վաշինգտոնում։
Երեկ Բաքվում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարն էր հայտարարել՝ Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի է ունենալու հաջորդ ամսվա առաջին կեսին Վաշինգտոնում։
Պաշտոնական Երևանը հանդիպման հրավերն արդեն ընդունել է, Բաքվից հրապարակային որևէ արձագանք մինչ այս պահը չկա:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցն Ադրբեջան խաղաղության հաստատման ուղերձով էր: Ջեյմս Օ'Բրայենը երեկ նաև հայտարարեց՝ պատրաստ են հյուրընկալել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան Վաշինգտոնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը չի բացառում:
«Եթե կա նախաձեռնություն նորից հանդիպում կազմակերպել, ապա կարծում եմ՝ այդտեղ առանցքային հանգամանք կլինի այն, թե Վաշինգտոնը որքանով կտեսնի հնարավորություն կողմերին բերել ինչ-որ համաձայնության, ինչ-որ արդյունքի: Խոսքն, իհարկե, խաղաղության պայմանագրի մասին չէ, այլ թերևս կարող ենք դիտարկել դարձյալ հատվածային համաձայնության հնարավորությունը, ինչպիսին եղավ, օրինակ, ապրիլին Տավուշի սահմանամերձ հատվածների մասով», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը հենց Ջեյմս Օ'Բրայենի հայտարարության պատճառով, երբ ամերիկացի դիվանագետը Սենատի լսումներում ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում։ Հետագայում տարաձայնությունները հարթվեցին, սակայն բանակցություններ ամերիկյան կողմի միջնորդությամբ այդպես էլ տեղի չունեցան:
Արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը առաջընթաց կարող է լինել, սակայն առանձին հարցերի շուրջ, նշում է քաղաքական մեկնաբանն ու հավելում՝ այս դեպքում էլ թելադրողը կլինի Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարը երկու օր առաջ է հայտնել՝ «մոտ ապագայում դրական քայլեր կլինեն»: Իսկ միջնորդների՝ այս դեպքում Միացյալ Նահանգների համար, ըստ փորձագետի, էական չէ, թե ինչ գնով են կողմերը հասնում համաձայնության:
«Միացյալ Նահանգների համար առանցքայինն այն է, որ քայլ առ քայլ թեկուզ մոտենալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը այն ռեժիմով, այն պայմաններով, որը բնականաբար, բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական առաջնահերթություններից՝ կառուցել Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային երթուղի, միջանցք, որը կթուլացնի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ազդեցությունը», - նշեց Բադալյանը:
Որ տարածաշրջանի ապաշրջափակման թեման Միացյալ Նահանգները կարևորում է՝ փոխպետքարտուղար Օ'Բրայենը հայտարարել է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Սա խաղաղության պայմանագրի առանցքային հարցերից է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները առնվազն հրապարակային մակարդակում տրամագծորեն տարբեր են:
Հայաստանը պնդում է, թե ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո, իսկ Բաքուն՝ անխոչընդոտ՝ առանց մաքսային ստուգումների ճանապարհ է պահանջում Սյունիքից դեպի իր էքսկլավ Նախիջևան: Այս հարցում, կողմերին լուծման տարբերակներ են առաջարկվում, ասում է քաղաքական մեկնաբանը:
«Կլինի ճանապարհային ռեժիմ, որը կվերահսկի որևէ մասնավոր ոչ կառավարական կազմակերպություն, որը կներկայացնի արևմտյան երկրներից որևէ մեկը: Դա առաջարկվում է որպես հնարավորություն, երբ Երևանը կարող է համաձայնել, այսպես ասած, դեմքը պահելով ու ներկայացնելով, որ որևէ երրորդ երկիր չի խառնվում այդ պրոցեսին, որևէ երրորդ երկիր վերահսկողություն չի վերցնում և այլն», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Եթե այս առաջարկին Երևանը համաձայնի, Բադալյանի կարծիքով, դա կլինի «միջանցքային ռեժիմ», մի լուծում, որին Հայաստանի իշխանությունն այս տարիներին դեմ է արտահայտվել: Կա՞ նման առաջարկ բանակցային սեղանին ո՛չ Արտաքին գործերի նախարարությունից, ո՛չ Ազգային ժողովի իրավասու հանձնաժողովից չեն արձագանքում: