ՀԱՊԿ-ը ներկայումս չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, բայց դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում, BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իրավիճակը Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում, իհարկե, մնում է կազմակերպության ուշադրության կենտրոնում», - ասել է գլխավոր քարտուղարը՝ շարունակելով․ - «Բնականաբար ՆԱՏՕ-ի գործողությունները վերահսկվում և վերլուծվում են։ Փորձագետների և անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վրա»։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
2024-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։ Հունիսին Փաշինյանը խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:
Մոսկվան էլ հայտարարել է, թե անկեղծորեն կարևորում է Երևանի հետ հարաբերությունները և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգանքի ու փոխշահավետ հարաբերությունների հենքով՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումն անհնարին կդարձնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։