Ասադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են Դամասկոսը

Սիրիա - Զինյալ ապստամբը Դամասկոսում ոտքը դրել է երկրի նախկին նախագահի և գործող նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի հոր արձանի պոկված գլխին, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը՝ հեռանալով անհայտ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավարին:

Ռամի Աբդուռահմանը գործակալությանը հայտնել է, որ Ասադը Դամասկոսից մեկնել է օդանավով կիրակի վաղ առավոտյան:

Սիրիացի զինյալներն էլ հայտարարում են մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Դամասկոսն այժմ «ազատված է Ասադից», - ասված է այսօր վաղ առավոտյան սոցիալական մեդիայում նրանց հրապարակած հայտարարությունում:

Սիրիայի վարչապետ Մոհամադ Ղազի ալ-Ջալալին հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ «կառավարությունը պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ»: Նա հայտնել է, որ Դամասկոսում իր տանն է և փախուստի չի դիմել:

Կիրակի վաղ առավոտից Սիրիայի խոշորագույն քաղաքներ Դամասկոսի և Հալեպի փողոցներում մարդիկ տոնում են Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը: Թուրքամետ ապստամբ զինյալների հաղթանակը տոնող ամբոխը մայրաքաղաքում պոկել է իշխանությունը որդուն փոխանցած նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արձանի գլուխը։ Հայր և որդի Ասադները ընդհանուր առմամբ Սիրիան կառավարել են ավելի քան կես դար՝ 1971-ից մինչև 2024 թվականը:

Սիրիա - Դամասկոսի փողոցներից մեկում, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Նախօրեին հաղորդվել էր իսլամիստ գրոհայինների գլխավորած ապստամբների՝ նախ Սիրիայի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, ապա և կենտրոնական Հոմս քաղաք մտնելու և Դամասկոսի մատույցներին մոտենալու մասին:

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան զինյալներին կոչ էր արել պատրաստ լինել՝ գրավելու Դամասկոսը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մայրաքաղաքի բնակիչները շտապում էին պաշարներ կուտակել, հազարավորները փորձում էին լքել երկիրը պատերազմից հյուծված Լիբանանի հետ սահմանային անցակետով։

Իսլամիստ զինյալներն իրենց կայծակնային հարձակումը սկսել էին նոյեմբերի 27-ին և արդեն գրավել էին Հալեպ ու Համա կարևորագույն քաղաքները:

Սիրիայի գլխավոր դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, փորձում էին պաշտպանել ավտորիտար առաջնորդ Բաշար ալ-Ասադի վարչակարգը և սեփական ներկայությունը երկրում։

Ապստամբ զինյալների տարածքային հաջողությունների ֆոնին Դոհայում շաբաթ օրը արտահերթ բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Տարածաշրջանի փորձագետների գնահատականներով՝ Ասադի վարչակարգի տապալումը լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է հարուցել Կրեմլի համար, որը Թեհրանի հետ միասին տարիներ շարունակ աջակցել է սիրիական կառավարությանը ավելի քան մեկ տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայում զինյալները վերահսկողություն հաստատեցին նաև Դարաայի շրջանի նկատմամբԱպստամբ զինյալները մոտեցել են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաք ՀոմսինՍիրիացի ապստամբները դուրս են մղել կառավարամետ ուժերին Համայից՝ գրավելով քաղաքը

«Ասադի աջակիցները կարծեք թե պատրաստ չեն կանգնել Սիրիական բանակի կողքին»

ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինտիտուտը՝ ISW-ն պնդում է, որ «Ասադի ռեժիմը փլուզվել է, իսկ Ասադի աջակիցները կարծեք թե պատրաստ չեն կանգնել Սիրիական արաբական բանակի կողքին»:

ISW-ի տեղեկություններով՝ Մոսկվան մինչ այս պահը չի տարհանել իր բազան, «սակայն հստակ չէ՝ արդյոք Ռուսաստանը կպահպանի իր նավերը նավահանգստում, քանի որ սիրիացի ապստամբները շարունակում են արագ առաջխաղացումը ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»:

American Enterprise Institute վերլուծական կենտրոնի գնահատականներով, Ասադի կառավարությունը «գոյաբանական սպառնալիքի է բախվել՝ հաշվի առնելով ռեժիմի ուժերի համատարած փլուզումը և այդ ուժերին աջակցելու համար բավարար արտաքին ուժերի բացակայությունը»:

Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով վերլուծաբան, պրոֆեսոր Մարկ Կացը՝ Ջորջ Մեյսոնի համալսարանից, «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում նշում է, որ Կրեմլը կարող է իր օդային միջոցները կորցնել Սիրիայում, եթե չկարողանա պայմանավորվել Թուրքիայի հետ այդ երկրի օդային տարածքի օգտագործման հարցում:

«Ինչ-որ իմաստով թուրքական կառավորությունը կարող է ուրախությամբ տրամադրել այդ թույլտվությունը, քանի որ որքան շատ ռուսական օդուժ պակասի Սիրիայից, այնքան ավելի երջանիկ կլինի Անկարան», - շեշտում է փորձագետը:

Մարկ Կացի համոզմամբ՝ Ռուսաստանը դժվարություններ կունենա նաև իր ռազմանավերը դուրս բերելու հարցում. այդ դեպքում էլ անհրաժեշտ կլինի Թուրքիայի թույլտվությունը, սակայն Սև ծովով ռուսաստանյան միջոցները ստիպված կլինեն անցնել ՆԱՏՕ-ի ջրերով:

Թրամփ. «Միացյալ Նահանգները ՉՊԵՏՔ Է ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ»

Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին երեկ արձագանքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը որևէ առնչություն չպետք է ունենա Սիրիայի պատերազմին, որտեղ ԱՄՆ-ը դեռևս փոքրաթիվ ներկայություն ունի որոշ շրջաններում:

«Սիրիան՝ քաոս է, բայց մեզ ընկեր չէ, և Միացյալ Նահանգները ՉՊԵՏՔ Է ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տուն վերադարձող Թրամփը։