«Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս», - տնային կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի այս հայտարարությունը քննելուց մեկ տարի անց Հակակոռուպցիոնը եզրակացրել է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչ Ազատ Գևորգյանը նախկին ակտիվիստին չեն խոշտանգել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։
Դատախազության փոխանցմամբ՝ Քննչականի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են ցուցմունք տալ, օգտվել են իրենց իրավունքից։
Նախքան կալանավորվելը Տիգրան Առաքելյանը պնդել էր, թե իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքում, պետի՝ Ազատ Գևորգյանի աշխատասենյակում։
«Սպառնալիքներ ընտանիքիս համար, ինձ ասել են՝ կնոջդ ու երեխայիդ այլևս չես տեսնելու, մեքենա է՝ կգցի տակը, ձեր տունը պաժառ կընկնի, ինչ-որ մի բան կպատահի, որովհետև ընտանիքով ենք վերացնելու», - պատմել է Տիգրան Առաքելյանը:
Առաքելյանը մեղադրյալ է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ձևավորած խմբի կազմում շորթման, դատավորի բարի համբավն արատավորելու հոդվածներով։
Այս գործի համար էին նրան կանչել Քննչական կոմիտե հարցաքննության։ Իրավապահները Առաքելյանի այս պնդումներից հետո խոշտանգման հոդվածով քրեական գործ էին հարուցել, բայց այն ամիսներ առաջ կարճվել է։ Այս որոշումը այժմ փաստաբան Դավիթ Ավագյանը բողոքարկում է դատարանում։
«Նախաքննական մարմինը գտել է, որ խոշտանգում չի իրականացվել նշված անձանց նկատմամբ, առհասարակ նրանց նկատմամբ հակաիրավական գործողություն չի կատարվել և վերջիններիս հայտնած տեղեկությունները նրանք համարել են մտացածին: Իհարկե, այն իրավաչափ չէ, անհիմն, մեր գնահատմամբ, դա ապօրինի որոշում է: Միգուցե այն անունները, որոնք շոշափվում են հանցագործության մասին հաղորդմամբ, ազդեցություն են ունեցել, որպեսզի քրեական վարույթն այս ճակատագիրն ունենա», - ընդգծեց փաստաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արգիշտի Քյարամյանին առնչվող քրեական գործով տուժող է ճանաչվել չորս հոգիԵթե հարցաքննության տարված մեղադրյալը չի խոշտանգվել, այդ դեպքում Առաքելյանի մարմնի վրա ի՞նչ կապտուկներ էին ու արյան հետքեր, ինչո՞ւ էր Քննչական գնալուց հետո նրա հագուստը պատառոտվել։ Այս հարցերին քննիչները պատասխան չեն տվել։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Առաքելյանը քանիցս հայտնել է՝ իր տան տեսախցիկները արձանագրել են, որ մի հագուստով տարվել է Քննչական, բայց ծեծվելուց հետո փոխել է հագուստն ու նորով տեղափոխվել մեկուսարան։ Որպես ապացույց առաջարկել է ստուգել իր տան տեսախցիկները։ Քննչականը տունը խուզարկել ու այլ իրերի հետ առգրավել էր նաև տեսախցիկները, բայց մինչև օրս էլ այդ կադրերը չեն ուսումնասիրվել։ Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչականից կադրերը չի կարողացել ստանալ։ Քննչականից այս դրվագի վերաբերյալ այսօր մանրամասներ չհաղորդեցին։
«Նշված հարցին հետամուտ պետք է լիներ խոշտանգման քրեական վարույթը քննող քննիչը, որն ուղղակի հետամուտ չի եղել», - ասաց փաստաբանը
Առաքելյանից բացի, խոշտանգման մասին ահազանգել էին Վարդան Ղուկասյանի գործով ևս երեք մեղադրյալ։ Բոլորն էլ տուժող էին ճանաչվել:
«Կարծում եմ, որ չէին ցանկանում, բնականաբար, իրական հանգամանքները պարզեին, ընդամենը ցանկանում էին այս գործը ձևական առումով կատարեին որոշակի գործողություններ և նախաքննության ավարտ տային՝ իրական հանգամանքները չպարզելով», - ասաց Դավիթ Ավագյանը:
Տիգրան Առաքելյանի փաստաբանն ընդգծեց, սա այն եզակի գործերից է, երբ խոշտանգվողը օգնել է քննիչներին բացահայտել այն, հայտնել է ապացույցների մասին, բայց նրա պատմությունը հերքել են հենց Քյարամյանի ու Գևորգյանի աշխատողները, որոնք կախվածության մեջ են իրենց ղեկավարներից։
«Այլ օբյեկտիվ ապացույցներ նախաքնական մարմինը չի փորձել հայտնաբերել, որպեսզի ի հայտ բերի այն ճշմարտությունը կամ իրական փաստերը, որոնք տվյալ քրեական վարույթով պետք է լինեին», - նշեց Ավագյանը:
Օրերս Քննչականի 10-ամյակի միջոցառմանը Արգիշտի Քյարամյանը, որ հրաժարվել է գնալ հակակոռուպցիոն ու հերքել իր հասցեին հնչող ծանր մեղադրանքը, խոսել էր իրենց ամենավեհ նպատակի՝ քաղաքացուն ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու մասին։ Նշել էր, որ անցած տարիներին հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, դատաիրավական համակարգում կատարվել են նշանակալի բարեփոխումներ, որոնք կայուն հիմքեր են ստեղծել ոլորտն իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու համար։
«Յուրաքանչյուր անձ, ով դիմում է իրավապահ համակարգին` վստահություն է հայտնում պետությանը, պետք է արագ և որակյալ ծառայություններ ստանա այդ համակարգից։ Քրեական վարույթներով օրենքով պաշտպանված շահ ունեցող անձինք պետք է հուսախաբ չլինեն», - ասել է Քյարամյանը։
Անցած շաբաթ Ազգային ժողովում լսումների մասնակցող Քյարամյանից պատգամավորները Տիգրան Առաքելյանի գործից չէին հարցրել։ Իսկ վարույթը փակած Հակակոռուպցիոն կոմիտեից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չմանրամասնեցին՝ արդարացնող ինչ ապացույցներ են ձեռք բերել, որոնք էլ հերքում են խոշտանգման մասին Առաքելյանի ու մյուսների ահազանգը։ Բաց է մնում նաև հարցը, եթե Առաքելյանը ստել էր՝ արդյոք նրան սուտ մատնության համար քրեական հետապնդում չի՞ սպառնում։