Տիգրան Առաքելյանի խոսքով՝ խոշտանգմանը մասնակից են եղել Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը
Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի Երևանի վարչությունում իրեն խոշտանգել են, ու դրան մասնակցել են նաև Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը։
Օրերս քրեական վարույթի շրջանակներում բերման ենթարկվելուց հետո այժմ տնային կալանքում գտնվող Առաքելյանը երեկ տեսանյութ է տարածել, որտեղ նկարագրել է, թե ինչպես են, իր պնդմամբ, վարչության պետի աշխատասենյակում անձամբ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը իրեն բռնությունների ենթարկել, նաև սպառնացել վերացնել ընտանիքը։ Առաքելյանն ասում է, թե դատաբժշկի չի դիմել, բայց տեսանյութում ցույց է տալիս թևի կապտուկը։
«Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, սպառնալիքներ ընտանիքիս համար։ Ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա է, կգցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը ոչ ավել ոչ պակաս եղել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Արգիշտի Քյարամյանն ինձ հետ այդ օրը հանդիպել է երկու անգամ, երկու հանդիպումների ընթացքում էլ ես խոշտանգվել եմ, խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով տարբեր մարմնի հատվածներում սկսել են վառել։
Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս։ Արդյո՞ք Քննչական կոմիտեի ղեկավարը ինձ խոշտանգել է, դա ո՞նց է ապացուցվելու։ Ես կարող եմ նկարագրել Ազատ Գևորգյանի կաբինետի ողջ գույքը, հանգստի սենյակը, որտեղ ինձ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը ձեռքերով բռնել էին և լուսամուտից ուզում էին ինձ գցել», - ասաց նա։
Տիգրան Առաքելյանը պնդում է, թե Քննչական կոմիտեում գտնվելու 11 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել, միայն ծեծի են ենթարկել։ Առաքելյանը տեսանյութում հրաժարվում է ասել, թե ինչ պահանջներ են իր առջև դրվել խոշտանգման ժամանակ՝ խոստանալով դա անել ավելի ուշ։ Առայժմ, նրա փոխանցմամբ, այդ մասին նամակներով հայտնել է վարչապետ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։
Բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հասցեին նա մեղադրանքներ է հնչեցնում, դեռևս որևէ կերպ դրանց չեն արձագանքել։ Առայժմ հրապարակվել է միայն Քննչական կոմիտեի հայտարարությունը, որը կտրականապես հերքում է Տիգրան Առաքելյանի պնդումները։
«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները», - արձագանքել են կառույցից։
Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Ազատության» տեղեկություններով՝ վարույթը հարուցել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հունիսի 17 -ին՝ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Թե ովքեր են այդ պաշտոնատար անձինք, և ումից է փորձել շորթում կատարել Առաքելյանը, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։
Վարդան Ղուկասյանի հետ հանցավոր համագործակցության մասին վկայող որևէ փաստ քննիչները չեն հայտնաբերել. Առաքելյան
Սոցցանցերում արդեն իսկ տեղեկություն է շրջանառվում, որ Առաքելյանը կապ ունի «Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի հետ, որը հայտնի է պաշտոնյաների ու տարբեր անձանց մասին իր հայհոյախառն, վիճահարույց տեղեկություններ պարունակող եթերներով։ Ղուկասյանը հետախուզման մեջ է, նրա մտերիմ շրջապատից արդեն մի քանի հոգի կալանավորվել է։
Տիգրան Առաքելյանը, սակայն, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իր տանն անցկացրած խուզարկությունից հետո Վարդան Ղուկասյանի հետ հանցավոր համագործակցության մասին վկայող որևէ փաստ քննիչները չեն հայտնաբերել։ Ըստ նրա՝ 72 ժամ հետո այդ մասով իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել, ինքը Վարդան Ղուկասյանի գործով մնացել է որպես վկա, իրեն տուն են ուղարկել, բայց քիչ անց Քննչական վարչության շենքի մոտ երկու օպերատիվ աշխատակիցներ են մոտեցել և ասել, թե նա ձերբակալված է 2015 թվականին հարուցված շորթման գործի դրվագով, այսինքն՝ հիմա նա տնային կալանքում է գտնվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում։
Տիգրան Առաքելյանը տարիներ առաջ՝ 2015 թվականին, փակ դատական նիստում 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել շորթման համար, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չէր կիրառել և սահմանել էր փորձաշրջան։ Թե 8 տարի առաջ հարուցված քրեական այդ գործով ինչ նոր դրվագներ են ի հայտ եկել, պարզ չէ։ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ Առաքելյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկը տեղի է ունեցել 2015-ին, մյուսը՝ այս տարի, և հունիսի 20-ին նոր քրեական վարույթ է հարուցվել։