Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի լրահոսը ակտիվ է. նախագահ Արգիշտի Քյարամյանը ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին, դրանից մեկ օր առաջ էլ որոշել է աշխատանքից ազատել վատ աշխատող քննիչներին, տարբեր հանցագործություններ են բացահայտվել.... Բայց ոչ մի խոսք չկա կոմիտեի ղեկավարի հասցեին մեկ շաբաթ առաջ հնչած ծանր մեղադրանքի մասին։
Իրավապահները լռում են մեծ աղմուկ հանած խոշտանգման գործի մասին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ արդյոք անցած ուրբաթ հարուցված վարույթից հետո ԱԱԾ-ն հարցաքննել է Արգիշտի Քյարամյանին ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանին։
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հենց նրանց է մեղադրում Քննչականում իրեն խոշտանգելու մեջ. - «Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս», - ասել էր նա ավելի վաղ։
Գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունն ու դատախազությունը հանրությանը դեռ ասելիք չունեն։ Քննչականն անցած շաբաթ հաղորդագրություն էր տարածել՝ կտրականապես հերքելով ակտիվիստի մեղադրանքը։
«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները», - նշել էին կառույցից։
Մարդու իրավունքների խնդիրներն ուսումնասիրող Վարդան Հարությունյանը դժվարությամբ է հիշում մեկ դեպք, որ պաշտոնյան ընդունած լինի իրեն ներկայացրած մեղադրանքը բռնության մասին։ Այս դեպքում էլ չի զարմանում. - «Սպասել, որ կասեն՝ հա, եղել է, կամ կփորձեն ինչ-որ բան բացատրել, չէ։ Լռությունն է նրանց պաշտանության ձևերից մեկը կամ հարձակումը, որ չի եղել, ստում է։ Հիմնականում դա անում են, երբ պաշտպանունակ չէ մարդը, պաշտպանունակ մարդկանց դեպքում աշխատում են լռել»։
Իրավապահները չեն հստակեցնում նաև, թե ինչու մինչ օրս Տիգրան Առաքելյանին տուժող չեն ճանաչել, և ինչու է նա արդեն 5 օր սպասում դատաբժշկի ուղեգրին, որ հասնի հիվանդանոց ու արձանագրի ստացած վնասվածքները։ Կինը՝ Անուշիկ Սերոբյանը պնդեց՝ տնային կալանքի տակ գտնվող Առաքելյանի վնասվածքները լավանում են, և եթե այսպես շարունակվի, դժվար կդառնա դրանք արձանագրելը։
«Դատաբժշկի կողմից սպասում ենք ուղեգրին, և մարմնի վնասվածքները ֆիզիկապես ակնհայտ չեն այս պահին, բայց շատ-շատ թույլ է Տիգրանն իրեն զգում, ֆիզիկապես շարժվելը շատ դժվար է իրեն, վեր կենալ, քայլելը դժվարությամբ է անում։ Կարծում եմ, որ պարտադիր է հիվանդանոցային ստուգումը, որովհետև կարող է ինչ-որ ներքին օրգանների հետ կապված խնդիրներ երևան», - ասաց նա։
«Եթե մինչև հիմա չկա դատաբժշկի ուղեգիր, եթե մինչև հիմա լռում են… Դե, Քննչականն արդեն խոսել է, կարելի է համարել, որ խոսել են նրանք, դա մի ամբողջություն է, մի համակարգ է, համակարգը մերժել է, հերքել է, արդեն ասացի՝ համակարգը չէր կարող ասել, որ դա եղել է այդպես, կամ չէր կարող ասել, ենթադրենք, ինչպես կվարվեին, օրինակ, նորմալ երկրներում՝ ժողովրդավարական, որ դա մեզ համար այնքան ցնցող երևույթ է, որ մենք ինքներս անպայման հետամուտ կլինենք և կպարզենք, որովհետև դա մեր պատվի հարցն է»։
Իրավապաշտպանը նկատում է՝ մեկ շաբաթը բավարար ժամանակ էր գոնե կասեցնելու Քյարամյանի ու նրա ենթակայի պաշտոնավարումը, հակառակ դեպքում նրանք ունեն մեծ հնարավորություն ազդելու ԱԱԾ-ում քննվող գործի վրա։
«Նախկին փորձը հաշվի առնելով՝ հաջողության մասին ակնկալիքները թույլ են։ Աղոտ հույս կա, որ կարող է Տիգրան Առաքելյանը կարողանա ապացուցել և պատժել, եթե եղել է այդ ամեն ինչը և եղել է այնպես, ինչպես ինքն է ներկայացնում։ Շատ աղոտ է այդ հույսը, բայց միայն այդ աղոտ հույսը բավարար է, որպեսզի մենք շարունակենք այդ ուղղությամբ աշխատել», - շեշտեց Վարդան Հարությունյանը։
Թե ինչու են իրեն խոշտանգել, Առաքելյանը մանրամասն պատմել էր օրերս տարածած տեսագրությունում։ Պնդել էր՝ իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էին պահանջում, թե արդյոք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ իր հերթին «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին փոխանցի։
Վարդան Ղուկասյանը հայտնի է պաշտոնյաների մասին հաճախ արատավորող տեղեկություններ պարունակող, հայհոյախառն եթերներով։ Տիգրան Առաքելյանն էլ հենց նրա գործով է անցնում։ Ըստ Քննչականի՝ օժանդակել է դատավորներից մեկի մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելուն։ Երկրորդ մեղադրանքն առնչվում է դեռ 2015 թվականին հարուցված շորթման գործին։ Թե 8 տարի առաջվա գործով ինչ նոր դրվագներ են ի հայտ եկել, պարզ չէ։ Մեղքը չընդունող Առաքելյանին այս գործերի շրջանակում են կանչել հարցաքննության, ինչի ընթացքում էլ, ինչպես պնդում է, Քյարամյանն ու Գևորգյանը ծեծել են իրեն։