Մատչելիության հղումներ

Քննչականում ենթադրյալ խոշտանգումների գործով զարգացումներ չկան


Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյան, արխիվ
Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյան, արխիվ

«Ես խոշտանգվել եմ՝ խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, խոշտանգվել եմ՝ ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով տարբեր մարմնի հատվածներում սկսել են վառել: Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս... ». - նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի այս հայտարարությունից 8 ամիս անց իրավապահները դեռ չեն բացահայտել՝ ի վերջո, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու նրա ենթական խոշտանգե՞լ են նրան, թե՞՝ ոչ։

«Քրեական գործի նախաքննությունը սառեցվել է: Այնքանով, որքանով որ հասարակական հնչեղություն են ստացել այդ դեպքերը, այդ չափով էլ, իմ կարծիքով, որպեսզի նորից չարթնացնեն, այդ դեպքերի հետ կապված փաստերը չբարձրաձայնեն, իմ կարծիքով՝ այդ առումով է սառեցված, պետք է որ արդեն կասեցված էլ լիներ՝ իբր ապացույցների անբավարարություն, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Առաքելյանը մեղադրվում է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ձևավորած խմբում շորթման, դատավորի բարի համբավն արատավորելու համար։ Անցած ամռանը նախկին ակտիվիստն Ազգային անվտանգության ծառայությունում պնդել էր, որ իրեն Քննչականում էլեկտրաշոկով էին հարցաքննել, կտտանքների ենթարկել, որոնց մասնակցել էր անձամբ Քննչական կոմիտեի ղեկավար Քյարամյանը։

«Ենթարկվել եմ հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքներ ընտանիքիս համար, ինձ ասել են, որ «կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենայա՝ կքցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու», - հայտարարել էր Առաքելյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը կես տարվա քննությունից հետո գործը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Որևէ այլ զարգացում քննության մեջ չի եղել, ասում է տուժողի փաստաբան Հովիկ Արսենյանը։ Անցած 8 ամիսներին ոչ առերեսել են Առաքելյանին Քյարամյանի ու քննիչի հետ, ոչ էլ պարզաբանել՝ ինչու են դանդաղում։ Մինչև այսօր Արսենյանը նաև չգիտեր, որ գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է Հակակոռուպցիոն։

«Ես բազմիցս փորձեր եմ արել հանդիպելու վարույթն իրականացնող մարմնի այն ժամանակվա քննիչի հետ, սակայն այդպես էլ կապի դուրս չի եկել, չեմ էլ կարողացել հանդիպել և այս պահի դրությամբ էլ փնտրտուքի մեջ եմ», - ասաց Արսենյանը:

Քննչական կոմիտեն Առաքելյանի հայտարարությունից օրեր անց հերքել էր իր ղեկավարի դեմ ուղղած մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն, անհեթեթ։ Մինչդեռ, տուժող ճանաչված Առաքելյանի փաստաբանը պնդում է՝ Տիգրանի տան բակի տեսախցիկներն արձանագրել են, որ նա հարցաքննության գնացել է մի հագուստով, վերադարձել՝ մեկ այլ։ Հագուստը փոխել են, որ չերևա խոշտանգման փաստը, պնդում է փաստաբանը:

«Իրեն խոշտանգելուց հետո գնացել և խուզարկություն են նորից կատարել իրենց տանը, այլ հագուստներ են վերցրել, բերել, և փոխել է հագուստները, որպեսզի չերևա խոշտանգման հետևանքները: Որովհետև առաջին անգամ երբ որ բերման են ենթարկել, այդ հագուստների վրա արյան հետքեր և այլն և այլն է եղել», - նշեց Հովիկ Արսենյանը:

Տեսագրությունը վաղուց փոխանցել են քննիչին, խնդրել զննել դրանք, բայց՝ ապարդյուն. - «Ասել են՝ երբ որ պահը կգա, ժամանակը կգա, այն ժամանակ զննության կենթարկենք»:

Իրավապաշտպան. Զարմանալի չէ իրավապահների դանդաղկոտությունը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար զարմանալի չէ իրավապահների դանդաղկոտությունը, հատկապես երբ քննության առանցքում Քննչականի բարձրաստիճան պաշտոնյան է։ Չի բացառում, որ այս դեպքում կա իշխանության թելադրանքը:

«Շատ գործեր՝ սկսած «Մարտի 1»-ի գործից, վերջացրած հենց թեկուզ Առաքելյան Տիգրանի գործով, հանգիստ կարելի էր բացահայտել, որովհետև, եթե չեմ սխալվում, Տիգրանը արդեն հայտարարել էր, որ մասնակցելու է նախաքննությանը, և ընդհանրապես՝ կան ձայնագրություններ, կան տեսագրություններ, ցանկության դեպքում, այո, հնարավոր էր: Բայց, տեսեք, 8 ամիս է ձգվում՝ 8 ամիսը հսկայական ժամանակահատված է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խաչատրյանը:

Տիգրան Առաքելյանից բացի, խոշտանգման մասին Դատախազություն բողոք են գրել նաև ևս երեք մեղադրյալներ, երեքն էլ անցնում են նույն՝ Վարդան Ղուկասյանի գործով։

Առաքելյանն ամիսներ առաջ Ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերով պատմել էր, թե Արգիշտի Քյարամյանն իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էր պահանջում՝ մասնավորապես, արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ, իր հերթին, Վարդան Ղուկասյանին փոխանցի։

XS
SM
MD
LG