Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Օմբուդսմենը հայտնում է, որ դեռևս հունիսի 19-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։ Վերջինս նշել է, որ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։
«Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
Օրերս քրեական վարույթի շրջանակներում բերման ենթարկվելուց հետո այժմ տնային կալանքում գտնվող Առաքելյանը երեկ տեսանյութ է տարածել, որտեղ նկարագրել է, թե ինչպես են, իր պնդմամբ, վարչության պետի աշխատասենյակում անձամբ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը իրեն բռնությունների ենթարկել, նաև սպառնացել վերացնել ընտանիքը։
Բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հասցեին նա մեղադրանքներ է հնչեցնում, դեռևս որևէ կերպ դրանց չեն արձագանքել։ Հրապարակվել է միայն Քննչական կոմիտեի հայտարարությունը, որը կտրականապես հերքում է Տիգրան Առաքելյանի պնդումները։