Ռուս - վրացական կարճատև պատերազմի 16-րդ տարելիցի օրը ԱՄՆ-ը, Եվրամիությունը, արևմտյան այլ երկրներ վերահաստատում են իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նույնիսկ այն դեպքում, երբ Վրաստանի իշխող կուսակցությունն, ընդդիմության պնդմամբ, հայացքը կրկին դեպի Մոսկվա է ուղղում:
Հակամարտության տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ում հայտարարություն էր, տարածել, որում ասվում է, որ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները «շարունակում են ազդեցություն ունենալ վրացիների վրա»:
«Ռուսաստանի կողմից 2008 թվականի հրադադարի համաձայնագրի շարունակական խախտումներն ընդգծում են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակվող պայքարը», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էլ իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը հիշում է «Ռուսաստանի դաժան և անօրինական գործողությունների հետևանքով սպանվածներին, վիրավորներին և տեղահանվածներին»:
ԵՄ-ի հայտարարության մեջ էլ ասվում է, որ «դատապարտում են Ռուսաստանի շարունակական ռազմական ներկայությունը օկուպացված անջատական շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ տարածքային ամբողջականության հարցում աջակցության համար, միևնույն ժամանակ ընդգծել, որ Վրաստանը շարունակում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման իր քաղաքականությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ ռուս - վրացական հնգօրյա պատերազմի 16-րդ տարին2008 թվականի «Օգոստոսյան պատերազմ» -ը Ռուսաստանի և Վրաստանի միջև տևեց 5 օր, ավարտվեց Վրաստանի պարտությամբ: Երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին միայն Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:
Վրաստանում այսօր կառավարական գերատեսչությունների շենքերի վրա դրոշներ են խոնարհվել՝ ի հիշատակ պատերազմում ընկածների:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն եղբայրական գերեզմանատուն այցելելիս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 2008-ին պատերազմ սկսելու պատասխանատվությունը Սահակաշվիլիի իշխանության վրա է։
«Ազգային շարժումը» ստորագրեց Եվրախորհրդի բանաձևը, համաձայն որի՝ հենց իրենք սկսեցին օգոստոսյան պատերազմը: Կարևոր է, որ Սահակաշվիլիի ռեժիմի կողմից 2008-ին իրականացված հանցագործությունն ամբողջությամբ հետաքննվի», - ասաց Իրակլի Կոբախիձեն։
2022 թվականին Հաագայի Միջազգային քրեական դատարանն ավարտեց օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունը։ Նույն թվականի հունիսի 30-ին դատարանի առաջին նախաքննական պալատը հրապարակեց Վրաստանի գործով երեք անձի՝ Միխայիլ Մինձաևի, Համլետ Գուչմազովի և Դավիթ Սանակոևի ձերբակալության օրդերները։ Միջազգային քրեական դատարանը, սակայն մեղադրանք չի առաջադրել Վրաստանի որևէ քաղաքացու նկատմամբ։
Վրացական ընդդիմության ներկայացուցիչների հարցազրույցներում կարմիր թելի պես գնում է հետևյալ միտքը՝ պատերազմից 16 տարի անց Վրաստանի իշխանությունները Մոսկվայի ազդեցության գոտի վերադառնալու փորձեր են անում։ Նկատի ունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որ վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները:
Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և հունիսին ընդունեց օրենքը։ Ինչից հետո Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները։ Վաշինգտոնը նաև հայտարարել էր, որ դադարեցնում է Վրաստանին ավելի քան 95 միլիոն դոլարի չափով օգնության ծրագիրը։
16 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին այսօր կապում է գալիք իրադարձությունների հետ՝ նկատի ունենալով այն, որ հոկտեմբերին վտանգված է լինելու երկրի եվրաատլանտյան ապագան։
«Այն, ինչին Ռուսաստանը չկարողացավ հասնել ռազմական ուժով 2008 թվականին, հաջողությամբ սկսել է կյանքի կոչել Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի»-ի միջոցով։ Բազմաթիվ քաղաքացիների կյանք խլած պատերազմից 16 տարի անց Ռուսաստանն այսօր այստեղ ունի իր դաշնակիցը՝ Վրաստանի կառավարությունը։ Եվ այս կառավարութունը կատարեց ռուսական առաջադրանքը՝ կասեցնել Վրաստանի ինտեգրման գործընթացը ԵՄ-ին»,- իր ելույթում հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին։
Չնայած ընդդիմության ոչ լավատեսական սպասումներին՝ օրեր առաջ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Կոբախիձեն հայտարարել էր, որ «եվրաինտեգրումը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»։