Մատչելիության հղումներ

Լրացավ ռուս - վրացական հնգօրյա պատերազմի 16-րդ տարին


Ռուսական զորքերը Վրաստանում, օգոստոս, 2008թ.
Ռուսական զորքերը Վրաստանում, օգոստոս, 2008թ.

Ռուս - վրացական կարճատև պատերազմի 16-րդ տարելիցի օրը ԱՄՆ-ը, Եվրամիությունը, արևմտյան այլ երկրներ վերահաստատում են իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

2008 թվականի օգոստոսի 7-ի վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերայսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։ Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:

Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում, կարճ ժամանակ անց երկու շրջանները ճանաչելով որպես անկախ պետություններ։

Հակամարտության տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է՝ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները «շարունակում են ազդեցություն ունենալ վրաստանցիների վրա»:

«Ռուսաստանի կողմից 2008 թվականի հրադադարի համաձայնագրի շարունակական խախտումներն ընդգծում են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակվող պայքարը: Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս ընդգծում է Լոնդոնի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` հավելելով, որ Միացյալ Թագավորությունը հիշում է «Ռուսաստանի դաժան և անօրինական գործողությունների հետևանքով սպանվածներին, վիրավորներին և տեղահանվածներին»:

Պատերազմից ավելի քան 15 տարի անց Վրաստանի իշխանություններին ընդդիմախոսները մեղադրում են Մոսկվայի ազդեցության գոտի վերադառնալու փորձերի համար, թեև ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը դեռևս ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:

Պաշտոնական Բրյուսելը, որի հարաբերությունները Թբիլիսիի հետ կտրուկ սրվել են վրացական «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով, այսօր հայտարարել է, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «դատապարտում են Ռուսաստանի շարունակական ռազմական ներկայությունը օկուպացված անջատական շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում»:

«Վրաստանում հակամարտությունից տուժած շրջաններում մարդու իրավունքները շարունակում են խախտվել, այդ թվում՝ «սահմանային» քաղաքականության, անցակետերի փակման և ռուս զինվորականների ու փաստացի իշխանությունների կողմից անօրինական կալանքների հետևանքով», - հայտարարել է ԵՄ-ն՝ իր «անսասան աջակցությունը» հայտնելով Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

XS
SM
MD
LG