Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին՝ ուկրաինական Բուչա հայկական պատվիրակության այցի պատճառով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացահայտ «ոչ բարեկամական» քայլ է որակում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցն ու դրա ընթացքում հնչած հայտարարությունները։
«Այնպիսի գործչից, ինչպիսին արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակից Տիգրան Տեր-Մարգարյանն է, մենք այլ բան չէինք էլ սպասում: Ցավալի է, որ դրան միանում են հայաստանյան իշխանությունները», - նշել է Զախարովան:
Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասել էր. - «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթովԱրևմտամետ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամն այսօր էլ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին գնալ Բուչա: Կիևի մարզի այս քաղաքը 2022-ին 33 օր մնացել էր ռուսական ուժերի վերահսկողության տակ, ազատագրումից հետո՝ ուկրաինական ուժերը քաղաքում մի քանի հարյուր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների դիեր էին հայտնաբերել։
Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչը պնդել էր նաև, որ հայկական պատվիրակությունը Բուչայում օգնություն է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Մինչդեռ և՛ հայկական, և՛ ուկրաինական կողմերը հայտնել էին, որ օգնությունը Բուչայի բժշկական հաստատություններին է տրամադրվել։
Ալեն Սիմոնյանը ռուսական կողմին է մեղադրել ոչ բարեկամական պահվածքի համար
«Ոչ բարեկամական գործողությունների մասին՝ 2020 թվականից թող իրենք իրենց գործողությունները նայեն: Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է եղել», - նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի մեկնաբանել Մոսկվայի բողոքի նոտան։ Թեմային այսօր Ազգային ժողովի նախագահն է անդրադարձել, իր հերթին իշխող ուժի ներկայացուցիչը ռուսական կողմին է մեղադրել ոչ բարեկամական պահվածքի համար։
Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Ադրբեջանը 2020-ին Արցախի դեմ պատերազմը սկսելու համար Մոսկվայի թույլտվություն է ստացել։
«Այլընտրանք Հայաստանի Հանրապետությանը քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանել, չի թողել ու հիմա այդ փորձը ներկայացնել որպես ոչ դրական, ոչ բարիդրացիական վերաբերմունք արդար չի: Այսինքն՝ մենք պետք է գնայինք ոչնչանայինք, որ ինքն ասեր՝ պլանն էլ հենց դա է եղել», - ասաց Սիմոնյանը:
Մոսկվայից նաև այսօր էլ հայտարարել են, որ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված գումարը։ Երևանը կառույցից տևական դժգոհությունից հետո սառեցրել է անդամակցությունը։
ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել Հայաստանի դեմ 2022 թվականի աշնանը Ադրբեջանի հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։