Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Կիևի մարզի Բուչա քաղաք, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տեր-Մարգարյանը։
Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։
Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։
Հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատություններին։
Տիգրան Տեր-Մարգարյանն ասել է, որ այս մարդասիրական օգնությունը «մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»։
- ԱԺ նախագահն ավելի վաղ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
- Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը նախորդ սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։
- Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։