«Ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ», - Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ կրկին թարմացրեց տարածաշրջանային ապաշրջափակման շուրջ Երևանի ու Մոսկվայի վեճը։
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանն ապաշրջափակման հարցի շուրջ այժմ չեն բանակցում, որոշել են դրան վերադառնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ թեման Ռուսաստանի համար շարունակում է շատ կարևոր մնալ։
«Ռուսաստանի համար այս թեման առանձնակի կարևորություն ունի հատկապես այս փուլում, երբ նրանք դուրս եկան Լեռնային Ղարաբաղից ու այդ կոմունիկացիայի նկատմամբ վերահսկողությունը կամ ներկայությունն այդ հաղորդակցության վրա կարծես թե այն քիչ լծակներից է մնում, որով կարելի է վերահսկել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին», - ասաց Գրիգորյանը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով Մոսկվան պնդում է, թե Հայաստանը պայմանավորվածություն է խախտել, հրաժարվել է համաձայնեցնել ռուս սահմանապահների կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը։ Երևանը, փաստաթղթի նույն կետը մեկնաբանելով, հայտարարում է՝ այնտեղ գրված չէ, թե ռուսական սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սյունիքով կոմունիկացիաների համաձայնության Երևանի սաբոտաժը դժվար է հասկանալ․ Լավրով ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. ՓաշինյանԼրագրողի դիտարկմանը, որ առանց ռուսների մասնակցության է Երևանը պատկերացնում ապաշրջափակումը, Ալեքսեյ Օվերչուկը արձագանքել է, թե Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից, հետ չի կանչում ստորագրությունը, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մեկուկես տարի առաջընթաց չկա։ Օվերչուկը նաև համանախագահում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը։
Օվերչուկի այս հայտարարությունը հնչեց Մոսկվայում ընթացող ԱՊՀ ղեկավարների հավաքի ընթացքում։ Հենց երեկ վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի ներկայությամբ կրկնեց պատրաստակամությունը ապահովել Հայաստանի տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Նաև ընդգծեց՝ բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, չեն համապատասխանում իրականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է«Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք: Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում», - ասել է Փաշինյանը։
Իսկ Սյունիքի ճանապարհին ռուսների ներկայության թեման հենց Պուտինի՝ Բաքու օգոստոսին կատարած այցից հետո ակտիվացավ։ Հայաստանը մեկ տարի է՝ առաջարկում է տարածաշրջանը ապաշրջափակել իր մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, այն մի շարք երկրներ ողջունել են, բայց ծրագիրը փաստացի կյանքի չի կոչվել։ Ադրբեջանը չի արձագանքել։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի թեթև ձեռքով «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի չի կոչվում։ Եթե իր տարածքում չկա վերահսկողություն, ըստ նրա, Ադրբեջանը դեմ չէ միջազգային յուրաքանչյուր ներկայության, այդ թվում՝ ռուսական:
«Ադրբեջանն ու Ռուսաստանը շատ ավելին են ցանկանում, քան պատրաստ է տալ Հայաստանը, և «Խաղաղության խաչմերուկ» կոչված ծրագիրը հենց այդ մոտեցումների դեմ ի հայտ բերված առաջարկություններ է: Ռուսաստանի տեսանկյունից այդ կարգավորումները պետք է տեղի ունենան ռուսական վերահսկողությամբ: Եթե լինի ոչ ռուսական վերահսկողություն, որը սահմանափակում է Հայաստանի ներկայությունն այդ հաղորդակցության վրա, կարծում եմ, այդ տարբերակը ևս ընդունելի կլինի Ադրբեջանի համար: Բայց այս տարբերակի պարագայում խնդիրը փոխադարձության սկզբունքն է, որովհետև հայկական կողմն ամերիկյան կողմի առաջարկով վերջին շրջանում քննարկում է մասնավոր ընկերության տարբերակը, բայց Ադրբեջանը միակողմանի լուծումներ է տեսնում; Այսինքն, որպեսզի այդ մասնավոր ընկերությունը գործի միայն հայկական տարածքում, իսկ Ադրբեջանի տարածքում չլինի որևէ այլ ներկայություն», - ընդգծեց քաղաքագետը:
Հայաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել Ռուսաստանի փոխվարչապետին։