Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահները հունվարի 1-ից կհեռանան Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից


Հայաստան-Իրան սահմանի անցակետի բեռնային համալիրը, արխիվ
Հայաստան-Իրան սահմանի անցակետի բեռնային համալիրը, արխիվ

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար, ասված է հաղորդագրությունում:

Այս տարվա օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, Պուտինին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, «ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ», - փոխանցում է Բաղդասարյանը՝ ընդգծելով. - «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է»։

«Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ», - նաև ասված է խոսնակի հաղորդագրությունում:

Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման մանրամասները տե՛ս ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG