Մատչելիության հղումներ

Մոսկվան չի խառնվում Երևանի և Բաքվի գործերին․ Պեսկով


Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, հոկտեմբերի 8-ին, «Իզվեստիա»-ի հարցին ի պատասխան, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնելով, որ ԱՊՀ ձևաչափի համաձայն երկրների ղեկավարները միշտ նստում են մի սեղանի շուրջ՝ Պեսկովը միևնույն ժամանակ շեշտել է՝ դա չի վկայում Բաքվի և Երևանի գործերին Մոսկվայի մասնակցության մասին։

«Նրանք այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում շարունակում են իրենց երկխոսությունը։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերություններն, այլևս մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է», - պարզաբանել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ։

«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերություններն՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում էին՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ առանձին հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների բաց մասում երկկողմ տնտեսական համագործակցության, աճող առևտրաշրջանառության վրա կենտրոնացավ։ Հրապարակված տեսանյութերում ոչ մի խոսք չհնչեց հայ - ադրբեջանական կարգավորման մասին, թեև ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականն ասել էր, որ օրակարգում հենց այդ հարցն է լինելու։

Եռակողմ հանդիպում Մոսկվայում այդպես էլ տեղի չունեցավ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել էր՝ թեև Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։

Երևանն ավելի վաղ մի քանի անգամ հրաժարվել է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG