Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Երևանում սպասում կա, որ մինչև COP-29-ը գերիների մի խումբ կհայրենադարձվի

Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն աշնանը տուն կգա՞ն. Ադրբեջանի մայրաքաղաքը նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի՝ COP-29-ի հյուրերին է ընդունելու։ Երևանում սպասում կա, որ մինչև այդ հնարավոր է գերիների մի խումբ հայրենադարձվի։

«Եթե անգամ դա լինի, դա վերին աստիճանի դրական ազդեցություն է ունենալու ցեղասպան Ադրբեջանի իմիջը բարձրացնելու համար հենց COP-29-ից առաջ», - ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

ՄԱԿ-ի գրասենյակի առջև այսօր հասարակական -քաղաքական կազմակերpությունների ղեկավարներ էին, գերիների, անհետ կորածների հարազատներ, պահանջը՝ «կոչ ենք անում ՄԱԿ-ին պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերիներին, հակառակ պարագայում վերանայել COP-29 -ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակումը»:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ 44 օրյա պատերազմից հետո անհայտ է 195 հոգու ճակատագիրը, 15 հոգի անհետ կորած է համարվում նախորդ տարվա սեպտեմբերի սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի նախկին ղեկավարների դատավարությունների նպատակը՝ ադրբեջանական թեզերի վերահաստատումը. իրավապաշտպան

Արդեն 4 տարի կամավոր Ֆիզուլիի առաջնագիծ գնացած Նելսոն Աբրահամյանի քույրը որևէ տեղեկության է սպասում։ Ադրբեջանը նրա գերեվարման հանգամանքը չի հաստատում, այստեղ էլ ԴՆԹ նույնականացում չկա։ Աիդան հավատում է, որ եղբայրը Բաքվի բանտում է։ Գերիների վերադարձն ու անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցն, ըստ նրա, պիտի նաև խաղաղության պայմանագրի բանակցություններում նախապայման լինի:

Նույնն է պահանջում Բաքվի բանտում պահվող Ռաշիդ Բեգլարյանի եղբորորդին։ Նրա 62 -ամյա հորեղբայրը մեկ տարի առաջ փորձեց Արցախի բլոկադան ճեղքել ոտքով ու հասնել Երևան՝ հիվանդանոց։ Հին Շեն գյուղի մոտակայքում ադրբեջանցիների ձեռքում հայտնվեց

Բաքվի դատարանը նրան 15 տարվա պատիժ նշանակեց՝ 5 քրեական հոդվածներ էին գտել։ Գլխավորն՝ ըստ Ադրբեջանի իրավապահների, Բեգլարյանը 90- ականներին Խոջալուի դեպքերի մասնակից է։ Նույն մեղադրանքով ու նույնքան պատիժ է ստացել նաև Վագիֆ Խաչատրյանը։ Նրան ադրբեջանցիներն առևանգեցին Հակարիի կամրջից, Խաչատրյանը Կարմիր խաչի մեքենայով սրտի վիրահատության էր գալիս։ Արցախի օմբուդսմենը հույս չունի, թե ՄԱԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ճնշումները Բաքվի վրա արդյունք կտան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկմանԲաքվում Ռաշիդ Բեգլարյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

«Ես չեմ տեսնում, որ այդ ճնշումն աշխատում է առհասարակ, ես տեսնում եմ, որ Ադրբեջանն իրեն հարմար ինչ-որ շահեկան իրավիճակում գերիների հարցը որպես քաղաքական առևտրի առարկա է օգտագործում և ոչ թե ճնշման արդյունքում է նրանց բաց թողնում», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:

Բայց Ստեփանյանն ունի ակնկալիք, որ COP-29-ից առաջ հայ գերիների մի խումբ կհայրենադարձվի. - «Ադրբեջանն ինչպես նախորդ անգամներն էլի փորձելու է դա ինչ-որ մի բան ստանալու դիմաց վաճառել, այսպես ասած: Այսինքն եթե COP-29 -ից առաջ Ադրբեջանը ցանկանա միջազգային հեղինակություն կամ ինչ-որ բան ստանալ, հնարավոր է, որ գնա այդ քայլին»:

Գեղամ Ստեփանյանը վստահ է՝ Արցախի նախկին ղեկավարները դեռ կմնան Բաքվի բանտում։ Առջևում, ասում է, ցուցադրական դատավարություններն են, ցույց կտան, թե ինչպես են պատժում, իրենց կարծիքով, սեպարատիստներին ու ահաբեկիչներին։ Դա նաև բաց դաս կլինի Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների համար։