Մատչելիության հղումներ

Երկու «հնարավոր պատճառ կա» արցախցի նախկին պաշտոնյաների հարցազրույցների չհրապարակման


Ադրբեջանական AzTv-ն երեկ ձեռնպահ է մնացել եթեր հեռարձակել ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցները։

Անցած սեպտեմբերին Արցախի վրա հարձակման կամ, ինչպես պետական լրատվամիջոցն էր ձևակերպել, «հակաահաբեկչական գործողության» մասին հաղորդումը պետք է հեռարձակվեր երեկ՝ Բաքվի ժամանակով երեկոյան 9-ին։ Սակայն, այն եթերում այդպես էլ չհայտնվեց։

Ավելի քան 4 րոպեանոց անոնսը տարածվել էր մարտի սկզբին։

Հաղորդման համար ադրբեջանցիները հարցազրույցներ էին արել նաև Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։

Ադրբեջանական ալիքից լրատվամիջոցները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ չի հրապարակվել Հարությունյանի հետ հարցազրույցը, մամուլի քարտուղար ՌուՖաթ Սեյիդովը հայտարարել է՝ դա միայն իրենցից կախված չէ։ AzTv-ում բախվել են հարցին՝ ինչքանո՞վ է նպատակահարմար այն այժմ հրապարակելը։

«Մարտի սկզբին, ճիշտ է, մենք անոնսը տվել ենք, բայց ավելի ուշ պարզվեց, որ անհրաժեշտ է հարցազրույցի հրապարակման համար որոշ ճշտումներ անել», - հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքի ներկայացուցիչը, որն այդպես էլ չի հստակեցրել՝ ինչը հետ պահեց նրանց հաղորդումն ամբողջությամբ հեռարձակելուց, այդ ի՞նչ ճշտումներ են անելու։ Միայն պնդել է՝ հարցազրույցն անպայման կհեռարձակվի, կոնկրետ երբ՝ չի հստակեցրել։

Հաղորդման շուրջ խորհրդավորությունը շատ էր։

Հեղինակներն անոնսում պնդում էին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի թաքնվելու վայրն են բացահայտում՝ «Ստեփանակերտի կոնյակի գործարանի նկուղը»։

Չնայած կալանավորված են Արցախի ութ պաշտոնյաներ, նրանցից երկուսի հետ էին հարցազրույցներ խոստացել՝ Արայիկ Հարությունյանի ու Լևոն Մնացականյանի։

Նախկին նախագահին ադրբեջանցի լրագրողը հարցնում է՝ սեպտեմբերի 19-ի գործողությունը սպասելի՞ էր։ Պատասխանը չի բացահայտվում։ Պաշտպանության նախկին նախարարը խոսում է անսպասելիության գործոնից։

Արդյոք Արցախի հայաթափմանը հանգեցրած այսպես կոչված՝ «հակաահաբեկչական գործողությունից» բացի, այլ թեմաներ ևս շոշափվել են՝ պարզ չէ։

Արայիկ Հարությունյանի ու Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցներն, ըստ ամենայնի, բանտի մութ միջանցքներում են անցնում։

Երբ հրապարակվեց անոնսը, հայաստանցի իրավապաշտպանները հաշվեցին՝ Բաքվում կալանքի տակ պահվող ԼՂ նախկին պաշտոնյաների մեկ տասնյակից ավելի իրավունքներ են խախտվել, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության։

Սիրանուշ Սահակյանը, սակայն, չի կարծում, թե Ադրբեջանին ամբողջական հաղորդումը հրապարակելուց հետ է պահել միջազգային հնարավոր բացասական արձագանքը։ Ըստ նրա՝ երկու հնարավոր պատճառ կարող է լինել, առաջինը՝ քաղաքական։

«Կողմերը միմյանց հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, պահանջներ են առաջադրում, կան աջակցող ուժեր։ Կարծում եմ՝ եթե նմանատիպ տեսանյութի այս պահի տարածումը կարող է վնասել պրոցեսները կամ թուլացնել Բաքվի դիքերը, նրանք տակտիկական նկատառումներով կարող են ընդմիջում վերցնել և հետաձգել նման տեսանյութերի տարածումը», - ասաց նա։

Իրավապաշտպանը մեկ այլ վարկած էլ ունի՝ փաստարկներն են թույլ եղել. - «Որքան էլ որ կեղծիքների գործարանը որոշ պրոդուկտներ տա, դրանք հերքելի են և միջազգայնորեն այլ ռեզոնանս կարող են առաջացնել։ Ուստի վերազինվելը բոլոր դեպքերում նպատակահարմար է, իսկ վերազինումը լայն եմ հասկանում՝ փաստական տվյալների, տեղեկությունների մատուցման եղանակի և այլ ձևերով»։

Բայց որն էլ լինի այս պահին եթեր չհեռարձակելու պատճառը, Ադրբեջանում պահվող գերիների շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանող Սահակյանը կարծում է՝ հարցազրույցները կհրապարակվեն։

«Եթե այդ քայլին դիմել են, հասկանալի է, որ անտեսել են մարդու իրավունքների տարրը և միջազգային արձագանքը, զուտ քաղաքական նպատակահարմարությամբ է որոշում կայացվել», - նշեց նա։

Պաշտոնական Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության հարցով, պահանջել նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:

Դա հոկտեմբերին էր, հունվարի վերջին նախկին պաշտոնյաները 4 ամսով կալանավորվել են ծանր, այդ թվում՝ ահաբեկչության մեղադրանքով։

Գործերը դատարան դեռ չեն գնացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG