Բաքվում Արցախի նախկին նախագահների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունների գերնպատակը լինելու է ադրբեջանական թեզերի վերահաստատումը, կարծում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Դատավարությունները շինծու են, դրանք բեմականացված են լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը: Ըստ նրա՝ 15 հոգու գործի քննությունն ավարտվել է։
«Հասկանալի է, որ քաղաքական դրդապատճառներով նախագահի վարչակազմում ընդունված որոշումները իրենց ձևական հաստատումը և լեգիտիմացումն են ստանալու դատարանների միջոցով», - նշեց Սահակյանը։
Ինը ամիս է՝ ադրբեջանական բանտերում են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և նախկին բարձրաստիճան զինծառայողներ: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
«Այս պահին մեղադրյալները փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Թե երբ դատերը կսկսվեն, ժամկետներ չի նշել։
Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանը ակնկալիք չունի, որ ադրբեջանական դատարանում հնարավոր կլինի ապահովել Արցախի նախկին պաշտոնյաների շահերի պաշտպանությունը։
«Մեծ սպասումներ չենք կարող ունենալ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանի դատական համակարգը ամբողջովին կախյալ է, նրանք ունեն մեծաթիվ քաղբանտարկյալներ։ Այնտեղ հետապնդումներ են իրականացվում լրագրողների, անգամ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանների նկատմամբ», - նկատեց Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի այս դատավարություններում միջազգային կառույցների ներկայությունն ապահովելու համար, որ հնարավոր լինեն դատական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը. - «Միակ հնարավորությունը միջազգային դատական և ոչ դատական ատյանների ներգրավմամբ այդ ակտերի լեգիտիմությունը վիճարկելն է, դրանք չեզոքացնելն է և միջազգայնորեն չճանաչելն է»։
Միջազգային ներկայությունն ապահովելու հարցում միջազգային գործընկերների հետ կարող են աշխատել հասարակական կազմակերպությունները, բայց դիվանագիտական ուղիներով կառավարությունը պետք է աշխատի, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիները զրկված են հյուպատոսական այցելություններից, շեշտում է իրավապաշտպանը։
Ի՞նչ կարող է փոխել միջազգային ներկայությունը ադրբեջանական դատարաններում. ըստ Սիրանուշ Սահակյանի՝ լուրջ փոփոխությունների, օրինակ՝ գերիներին ազատ արձակելու կարող է չհանգեցնել, բայց պահման պայմաններում բարելավում կարող է լինել։ Վերջերս նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն էր բարձրաձայնել բանտում հացադուլի ընթացքում նրա նկատմամբ խոշտանգումների մասին։
«Հայկական կողմի թերացումը համարում եմ այն, որ այնտեղ ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ինքնուրույն չի դառնում դիվանագիտական, քաղաքական քննարկումների առարկա, և այն ունի ածանցվող բնույթ», - ասաց նա։
Իսկ հեռանկար տեսնո՞ւմ է, որ մոտ ապագայում ռազմագերիները, առավել ևս Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստան կվերադառնա։ Ըստ Սահակյանի՝ գերիների վերադարձի տեղաշարժ չկա այս փուլում, նախկին պաշտոնյաների առումով սակարկման գինն ավելի բարձր է, նրա կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանն իր ցանկալի տրամաբանությամբ չի ավարտել հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ չի արձակվի։