Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են, TURAN-ի փոխանցմամբ, երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
Գերմանիան աջակցում է նրանց ազատ արձակմանը և այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտարարել է Բերբոքը՝ շեշտելով, որ անկախ կլիմայական այս համաժողովից, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը Բեռլինի և Բաքվի միջև միշտ էլ քաղաքական քննարկումների մաս է եղել։
«Կան նաև Գերմանիայի հետ սերտ առնչություն ունեցող դեպքեր», - ասել է Բերբեքը՝ շեշտելով՝ քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի՝ երկրից հեռանալու արգելքը։
53-ամյա Իբադօղլուն ճաղերի ետևում էր հայտնվել անցած տարվանից՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներից հետո։ Նա ձերբակալվելուց առաջ հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում շինարարության ծրագրերը կոռուպցիոն մեթոդներով են իրականացվում: Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո այս տարվա ապրիլին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով:
Բաքվում քաղբանտարկյալների հարցին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն է անդրադարձել։
Լրագրողի հարցին, թե արդյոք COP29-ը Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում բացթողնված հնարավորությո՞ւն է, Միլլերը պատասխանել է․ - «ԱՄՆ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը և մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ համաժողովի հետ առնչություն չունի։ Այդ գործընթացը տեղի է ունենում այստեղ ամեն օր․ սկսվել է մինչև COP29-ը և կշարունակվի դրանից հետո էլ»։
Այս տարվա հունիսին ադրբեջանցի իրավապաշտպաները երկրի քաղբանտարկյալների նոր ցանկ էին հրապարակել։ Դրանում 303 մարդու անուն էր ներառված, այս տարվա մարտին կազմված ցուցակի համեմատ ադրբեջանցի քաղբանտարկյակների թիվը ավելացել էր 16-ով։ Նշվում էր, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում 300-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց հարսանիքների, բազմաթիվ քաղբանտարկյալներով. ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ին