Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Քերիմլիին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում


Ադրբեջանի Ժողճակատի ղեկավար Ալի Քերիմլի, արխիվ
Ադրբեջանի Ժողճակատի ղեկավար Ալի Քերիմլի, արխիվ

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժի ղեկավարը մեղադրյալի կարգավիճակ ստացավ։ «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի Ալի Քերեմլին մեղադրվում է զրպարտության մեջ, դատավարությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ընդդիմադիր առաջնորդին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։

Քերիմլին այսօր հայտարարել է՝ դատարանը «քաղաքական պատվեր» է ստացել։

«Ռեժիմն իրեն միանգամայն անպատիժ է զգում՝ անտեսելով ԱՄՆ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և մյուսների կոչերը՝ դադարեցնել բռնաճնշումները: Քրեական գործ բացելով ընդդիմադիր կուսակցության առաջնորդի դեմ՝ իշխանությունները ցանկանում են ամբողջությամբ վերացնել ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և ազատ լրատվամիջոցներին», - հայտարարել է քաղաքական գործիչը։

Ալի Քերիմլին ավելի քան երեք տասնամյակ է՝ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, բազմիցս ճնշումների, բռնությունների է ենթարկվել իշխանությունների կողմից։ Ընդդիմության առաջնորդի ավելի քան հինգ տասնյակ համախոհներ բանտերում են հայտնվել, նրանցից 12-ը դեռ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Մինչ օրս Ալիևի վարչակազմը հրաժարվում է Քերիմլիին վերադարձնել 2006 թվականից բռնագրաված արտասահմանյան անձնագիրը. ընդդիմադիր առաջնորդն արդեն 18 տարի չի կարողանում հատել երկրի սահմանները։

Ադրբեջանական առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդի դեմ քրեական գործ է հարուցվում մի ժամանակահատվածում, երբ նա պատրաստվում էր արշավ սկսել Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովին ընդառաջ՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներից պահանջելու բնապահպանական խնդիրներին զուգահեռ ադրբեջանցի ավելի քան 300 քաղբանտարկյալների հարցը բարձրացնել։

Քերիմլիի գլխավորած կուսակցությունն Ադրբեջանում միակ ընդդիմադիր ուժն է, որ շարունակաբար բոյկոտում է ընտրությունները՝ պնդելով, որ տասնամյակներով Ալիևների ընտանիքի կողմից կառավարվող երկրում արդար և ազատ ընտրությունների համար պայմաններն իսպառ բացակայում են։

XS
SM
MD
LG