Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակին ձերբակալել, ապա արտաքսել են երկրից, պաշտոնական Բեռնն առայժմ չի մեկնաբանում լուրը։
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկ Գուգերը Բաքու է ժամանել շաբաթ օրը ԵԱՀԿ դիտորդների կազմում՝ նախապես ունենալով համապատասխան հավատարմագիր և թույլտվություն։ Բաքվի օդանավակայանում, սակայն, ոստիկանները նրան ձերբակալել են, առգրավել անձնագիրը, ապա ժամեր անց արտաքսել Թուրքիա։ Քաղաքական գործիչն իր դիվանագիտական անձնագիրը ստացել է միայն Ստամբուլ հասնելուց հետո։
Սկանդալի այս մանրամասները հրապարակում է շվեյցարական «Բլիք» պարբերականը, որի հարցումներին Շվեյցարիայի արտգործնախարարությունն ու այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը դեռևս չեն արձագանքել։ Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչությունը միայն նշել է, որ հարցով զբաղվում է դիվանագիտական խողովակներով։
Պաշտոնական Բաքուն ևս մինչ այս պահը չի պարզաբանել՝ ինչու է եվրոպացի քաղաքական գործիչն արտաքսվել։ Միջադեպը դեռևս չի մեկնաբանել նաև ԵԱՀԿ-ը։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ Կառույցն անցած օրերին մեկ տարով սառեցրել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ պատճառների թվում նշելով Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմը, Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները, քաղբանտարկյալների աճող թիվը։
ԵԽԽՎ-ի դժգոհությունն էր հարուցել հատկապես այն հանգամանքը , որ Ալիևի վարչակազմը հրաժարվել է կառույցի պատվիրակությանը հրավիրել Ադրբեջան՝ հետևելու չորեքշաբթի օրը կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքին, չնայած Բաքուն ունի հրավերն ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիթորինգի ենթակա երկիր։ Ադրբեջանցի պատգամավորների հնարավոր վերադարձը ԵԽԽՎ հենց այս խնդրի լուծմամբ են պայմանավորում:
Պատժամիջոցների նախաձեռնության հեղինակ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում պնդել է՝ որոշումը կարող են վերանայել, եթե Ալիևի վարչակազմը կրկին թույլատրի ԵԽԽՎ ներկայացուցիչների մուտքը երկիր:
«Ադրբեջանը խախտել է ԵԽԽՎ կանոնները և մեզ չի հրավիրել ընտրություններին․ սա փոխելու դեպքում մենք պատրաստ կլինենք համագործակցել։ Քաղբանտարկյալների առկայության դեպքում մենք պետք է նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունենանք, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք միասին աշխատել», - ասել է Շվաբեն:
Մինչ այդ, միակ եվրոպական կառույցը, որին Ալիևի վարչակազմը թույլատրել է ժամանել Ադրբեջան և հետևել ընտրություններին, ԵԱՀԿ-ն է: Կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հունվարի վերջին հրապարակած միջանկյալ զեկույցում արդեն քննադատել է նախընտրական գործընթացները, ընդգծելով, որ քարոզարշավն ընթանում է առանց իրական քաղաքական մրցակցության, առանց քաղհասարակության մասնակցության, անկախ լրատվամիջոցների դեմ իշխանությունների ճնշումների պայմաններում։
Փետրվարի 7-ի արտահերթ ընտրություններին 20 տարի իշխանության ղեկը ձեռքում պահող Իլհամ Ալիևից բացի մասնակցում են ևս վեց թեկնածուներ, որոնցից հինգը նախորդ բոլոր ընտրություններում եղել են իշխող թեկնածուի ավանդական մրցակիցները: Այդ գործիչները երբեք չեն վիճարկել քվեարկության արդյունքները, չեն քննադատել պետության ղեկավարին, անգամ չեն ներկայանում որպես նախագահի քաղաքական հակառակորդներ և չեն փորձում իրենց դրսևորել որպես իշխանության համար պայքարող այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներ։
Անցած օրերին Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության կազմակերպած հեռուստաբանավեճի ընթացքում, օրինակ, բոլոր թեկնածուները միաձայն բարձր են գնահատել իշխանությունը հորից ժառանգած Ալիևի դերը՝ ռազմական հաղթանակներում, իսկ անկուսակցական թեկնածու Զահիդ Օրուջն իր աջակիցներին կոչ է արել ոչ թե իր, այլ գործող նախագահի օգտին քվեարկել:
Միակ աննշան քննադատությունը հնչել է Գուդրաթ Հասանգուլիևից՝ պատգամավորն ափսոսանք է հայտնել երկրում ժողովրդավարության բացակայության կապակցությամբ՝ կարևորելով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններին, այդ ուժերն ինչպես նախորդ, այս ընտրությունները ևս բոյկոտել են՝ խուսափելով նույնիսկ փողոցային ակցիաներից։
Եվ չնայած լուրջ մրցակիցների բացակայությանն ու քվեարկության արդյունքների կանխատեսելիությանը՝ այս նախընտրական շրջանը ևս ուղեկցվել է Ալիևի ընդդիմախոսների ձերբակալություններով։ Ճաղերի ետևում են հայտնվել մի խումբ հետաքննող լրագրողներ, ովքեր բացահայտել էին իշխող ընտանիքի մասնակցությամբ բազմամիլիոնանոց կոռոպուցիոն սխեմաներ, ձերբակալվել են նաև ընդդիմադիր առաջնորդներ՝ այդ թվում Թոֆիգ Յագուբլուն։